Մանվել Եղիազարյան. «Մենք պետք է ցույց տանք, որ պատերազմի պատրաստ ենք, որպեսզի պատերազմ չլինի»

«Ինչքան  վիճակը աշխարհում կոնտրոլից դուրս գա, այդքան այդպիսի դեպքերը շատանալու են, քանի որ Ալիևը մի առիթով ասել է, որ մենք պարտադիր կերպով (եթե ոչ բանակցությունների, ապա զենքի միջոցով) լուծելու ենք մեր հարցերը»,- նման տեսակետ այսօր հայտնեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Ըստ Մ. Եղիազարյանի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղություն է տվել ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությունը, որ Ադրբեջանն ազատ է իր ընտրության մեջ, ու նա կարող է զբաղեցնել այն տարածքները, որոնք ժամանակին ազատագրվել են հայերի կողմից. «Նրան թև են տալիս Մինսկի խմբի անդամները, որոնք այսօր ոչ մի բանով չեն զբաղվում, քանի որ աշխարհում ավելի մեծ խնդիրներ կան (Ուկրաինա, Ղրիմ, Ռուսաստան ընդհարումը, որով զբաղված է ամբողջ աշխարհը), և արցախյան այս փոքրիկ խնդիրը մեծ տերությունների համար դառնում է երկրորդական»:

Մ. Եղիազարյանի կարծիքով՝ մենք պետք է զգոն լինենք, քանի որ այդ փոքրիկ ընդհարումները կարող են բերել մեծ պատերազմի, եթե ոչ այսօր, ապա մի քանի ամիս հետո. «Ինչքան վիճակը սրվի (Ռուսաստան-Ուկրաինա հարաբերություններն ինչքան սրվեն), Հայաստանում պատերազմի վտանգն ավելի մեծանալու է, քանի որ Ռուսաստանն իր շահերն է պաշտպանելու այս ռեգիոնում և Ռուսաստանն արդեն բարոյական իրավունք չի ունենալու աշխարհում միջամտելու արցախյան գործերին, քանի որ իրեն կասեն՝ «դու սկսեցիր Ղրիմում, հիմա էլ Ղարաբաղո՞ւմ: Բայց դա չի նշանակում, որ ադրբեջացիները գալու են Հայաստանը գրավեն: Այս ամբողջ աղմուկ- աղաղակի մեջ մենք կարող ենք կորցնել և՛ 6 շրջանը, չի բացառվում՝ անգամ Ղարաբաղը, ու այդ ժամանակ Ռուսաստանը կարող է ուղղակի շատ կոշտ ու կոպիտ ասել՝ Հայաստանի հետ գործ չունեմ»:

Մ. Եղիազարյանն ասաց, որ կա 7 շրջանները պահելու խնդիր. «Մենք ինչպե՞ս ենք այդ շրջանները պահելու: Այսօր ադրբեջանցիները անցնում են գրոհի, տղաները՝ մեր զինվորները, դիմադրում են: Այսօրվա վիճակով ո՞վ է արձագանքում այդ ամենին, ո՞ւր է հայկական Սփյուռքը, ո՞ւր է հայ ժողովուրդը, որտե՞ղ ենք մենք, ինչի՞ չենք բարձրաձայնում, որտե՞ղ են մեր միտինգները (դուրս գանք փողոց, ասենք՝ գիտեք ի՞նչ կա, բավական է մեր էրեխեքին սպանել, մենք բոլորս դարձել ենք զինվոր): Այդպես են հաղթում պատերազմի ժամանակ, պատերազմը տեղի է ունենում միայն նրա համար, որպեսզի հաղթեն, այլ ոչ թե տանուլ տան: Այդպիսի երևույթներն են ինձ վախեցնում»:

Ըստ հրամանատարի՝ այսօր պետք է հեղեղենք փողոցները՝ ազատամարտիկների, մտավորականության, երիտասարդության խմբերով, ամեն ուսումնական հաստատությունում պետք է խոսվի պատերազմի վերսկսման մասին. «Մենք պետք է այդպիսի աղմուկ բարձրացնենք: Մենք պետք է ցույց տանք, որ պատերազմի պատրաստ ենք, որ պատերազմ չլինի: Պատերազմն ադրբեջանցիների հետ անխուսափելի է»:

Մ. Եղիազարյանն ասաց, որ երբ օգոստոսի 9-ին Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպեն Սոչիում, մեր իշխանությունները կամ համաձայվելու են (ինչն ամենասարսափելին է) ինչ-որ բան զիջելուն, կամ պատերազմի բոթով Սերժ Սարգսյանը գալու է Հայաստան:

Լրագրողներից մեկ հարցին, թե ինչպե՞ս է նա մեկնաբանում հայկական կողմի ղեկավարության վարքագիծն այս օրերին, և մնասնավորապես, ՀՀ ԱԳՆ-ի լռությունը առաջին օրերին, երբ ադբրեջանական կողմը ամեն րոպե հայտարարություններով է հանդիս գալիս, Մ. Եղիզարայանը պատասխանեց. «Ես գնալով համոզվում եմ, որ գոյություն չունի ադրբեջանական քաղաքականություն, գոյություն ունի ադրբեջանական հիստերիա: Առանց գետինը մտնելու նրանք մեղադրում են մեզ, ու այդ ժամանակ մենք արագ պետք է օգտվենք դրանից, որ ցույց տանք՝ տվյալ դիվանագետը լուրջ մարդ չէ, ինչպե՞ս կարելի է նրան հավատալ: Չէ՞ որ աշխարհն ամեն տեղ գործակալներ ունի, նրանք գիտեն՝ ինչ է կատարվում՝ ով նախահարձակ եղավ, ով չեղավ: Մենք լուռ ու մունջ կանգնել ենք: Ես կարծում եմ, որ մեր իշխանությունների այդ պահվածքը, որը շատ վտանգավոր է, տանում է նրան, որ մերոնք չեն ուզում պատերազմել: Եթե նրանք վախենում են, թող այս ասպարեզից դուրս գան: Այն ժամանակն է եկել, որ մենք պետք է բաժանենք մարդկանց՝ ըստ իրենց հնարավորությունների, որ մենք կարողնանանք դիմակայել այս փորձությանը: Մենք պարտավոր ենք այս պատերազմում հաղթել»:

Ըստ Մ. Եղիազարյանի՝ Ի. Ալիևը չգիտի՝ ինչքանի են ընդունակ իր զինվորները. «Նա չգիտի, որ իր զինվորն ընդունակ չէ հաղթելու: Նա չի հասկանում, որ ադրբեջանցի զինվորը չի կարող կռվել: Նա դա չի տեսել առաջին պատերազմի ժամանակ: Եթե մի 2-3 հատ այսպիսի ընհարումներ լինեն, Ալիևն ահագին բան կհասկանա: Այս դեպքերը մեր օգուտն են: Ճիշտ է, մեր երեխանրն են զոհվում, բայց դա ահագին խրատ է տալիս Ալիևին, որ իր զինվորը հնարավորություն չունի հայ տղամարդուն հաղթելու»:

Անի Քեշիշյան

Տեսանյութեր

Լրահոս