Վրաստանը հուսով է, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները կգտնեն ընդհանուր լեզու. Փանջիկիձե
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրին: Փանջիկիձեն հայտարարել է, որ քաղաքակիրթ աշխարհին անհրաժեշտ չէ ևս մեկ սառեցված հակամարտություն.
«Մենք մեծ մտահոգությամբ ենք հետևում նրան, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Ես ամբողջովին վստահ եմ, որ ոչ մեր տարածաշրջանին, ոչ էլ համայն աշխարհին անհրաժեշտ չէ սառեցված հակամարտություն, ևս մեկ լարվածության օջախ, ինչի համար էլ համոզված եմ, որ երկու երկրների առաջնորդները կգտնեն ընդհանուր լեզու և կարող են հասնել խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանը»:
Փանջիկիձեն հատուկ մտահոգություն է հայտնել երկու կողմի ռազմական կորուստների համար և հույս է հայտնել, որ առաջին հերթին վերջ կտրվի այդ ամենին. «Որքանով որ տեղյակ եմ, արդեն իսկ նշանակված է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում (ռուսական ԶԼՄ-ների համաձայն, այդ հանդիպումն անցկացվելու է օգոստոսի 8-9-ին, Սոչիում), և դա ինձ հույս է տալիս, որ վերջ կտրվի հակամարտությանը»: