
Ադրբեջանական բանակում դեռ գործում է խորհրդային հին համակարգը. Ֆարուհ Մամեդով

Ադրբեջանական Yeni Müsavat թերթին տված հարցազրույցի ժամանակ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ինստիտուտի ղեկավար Ֆարուհ Մամեդովը քննադատել է Ադրբեջանի ՊՆ-ին` կապված շփման գծում կրած վերջին կորուստների ու զինված ուժերում առկա ներկայիս խնդիրների հետ.
«ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ինստիտուտը տարիներ շարունակ Ադրբեջանի ՊՆ-ին կոչ է արել բարեփոխումներ անցկացնել զինված ուժերում: Դժբախտաբար, ադրբեջանական բանակը դեռ գործում է խորհրդային հին համակարգով, թեպետ արդեն 20 տարի է, ինչ ՆԱՏՕ-ն նրա գործընկերն է:
Դրա վառ օրինակն են բանակում գլուխ բարձրացրած չարաշահումների, կամայականությունների, ինքնասպանությունների դեպքերը: Ճակատային գծում այսչափ զոհերի տալու հիմնական մեղավորը ՊՆ-ն է: Ադրբեջանի ՊՆ-ի համար ամոթալի է այդչափ զոհեր տալը:
Այսպիսի իրավիճակում պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը կամ էլ բանակի հետախուզական ղեկավարությունը պետք է պաշտոնանկ անի պատասխանատու անձանց: Առաջնագծում ծառայող մեր զինվորները չունեն հետախուզական որևէ փորձ, մինչդեռ հակառակորդն առաջնագծում տեղակայել է հատուկ նշանակության զինծառայողներ:
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այդ ամենին: Պետք է առաջնագծում տեղակայել պրոֆեսիոնալ, հատուկ նշանակության նախկին սպաների ու զինվորների: Ադրբեջանը պետք է մշտապես հիշի, որ հակառակորդի հետին պլանում առկա է ռուսական հետախուզության ու ռուս սպաների աջակցություն:
Բացի այդ, հակառակորդն իր բանակում օգտագործում է հատուկ կրթություն ստացած զինծառայողների, որոնք նույնպես օգտվում են ռուսական ռազմական հետախուզության արբանյակային, հետախուզական տվյալներից, որոնք ստանում են լոգիստիկ աջակցություն: Հաշվի առնելով այս ամենը` պետք է բարելավել Ադրբեջանի ՊՆ-ի համակարգը»: