ԱՄՆ-ը ժամանակավորապես չեղյալ է հայտարարել Իրանի դեմ սահմանած մի շարք պատժամիջոցներ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ը կասեցրել է ավելի վաղ Իրանի դեմ սահմանած մի շարք պատժամիջոցների գործունեությունը: Տվյալ որոշման ընդունումը կապված է Իրանի ու «Վեցյակի» միջև «միջուկային» բանակցություններում ձեռք բերված առաջընթացի հետ:
Համապատասխան փաստաթղթերը հրապարակվել են ԱՄՆ-ի դաշնային ռեգիստրում: Ժամանակավորապես հանվել է Իրանից նավթաքիմիական արտադրանք գնելու վրա դրված արգելքը, ինչը մասնավորապես վերաբերում է Իրանի ազգային նավթային ընկերությանն ու Իրանի ազգային լցանավային ընկերությանը:
Արգելքը նախկինի նման առնչվում է միայն առանձին ընկերությունների, որոնք հայտնվել են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հատուկ ցուցակում: Բացի այդ, ամերիկացիներին վերստին թույլատրվել է Իրանին մատակարարել պահեստամասեր` երկրի քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռների վերանորոգման և անվտանգ թռիչքներ ապահովելու համար: Մասնավորապես, թույլատրվել է Iran Аir-ի հետ գործարքներ կնքելը:
Փաստաթղթերում ընդգծվում է, որ ընդունված որոշումները տարածվում են միայն 2014 թվականի հունվարի 20-ից մինչև նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածի վրա: Իրանն ու «Վեցյակը» պայմանավորվել են իրանական միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի հասնել մինչև նոյեմբերի 24-ը: