
Այսուհետ Ադրբեջանին սպասվում են ծանր փորձություններ. Ուզեիր Ջաֆարով

Axar.az-ի փոխանցմամբ` ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը Facebook-ի իր էջում անդրադարձել է շփման գծում գրանցված վերջին զարգացումներին: Ջաֆարովը գրել է, որ սկսել է իր աղբյուրների միջոցով ճշտել, թե ինչ է տեղի ունեցել իրականում:
Ջաֆարովը պարզել է, որ այդ ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը գտնվել է արձակուրդում և այդպիսի իրավիճակում նրան ժամանակավորապես փոխարինել է Գլխավոր շտաբի պետ Նեջմեթթին Սադիգովը:
Վերջինիս մեծապես մտահոգել է շփման գծում իրավիճակի սրումն ու ադրբեջանցի զինծառայողների կորուստը, և Սադիգովը կապ է հաստատել Բարդայի կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովին, որի պատասխանատվության գոտում է տեղի ունեցել այդ ամենը, և կոշտ արտահայտություններ է կիրառել:
Ջաֆարովը կարծում է, որ այսուհետ Ադրբեջանին սպասվում են ծանր փորձություններ, և եթե պետությունն ու ժողովուրդը ցանկանում են վերադարձնել Ղարաբաղը, ապա նրանք պետք է պատրաստ լինեն նման պատերազմի` հավելելով, որ շատերը բախման օրը հայտնվել են նյարդային ու տհաճ իրավիճակում:
Ջաֆարովը գրել է, որ իրենց համար պետք է ուսանելի լինեն 2008 թվականի այս օրերին ռուս-վրացական հակամարտությունը, Իրաքի, Սիրիայի ու Աֆղանստանի օրինակները, և ցայժմ ընթացքի մեջ գտնվող ռուս-ուկրաինական զինված դիմակայությունը: Ջաֆարովը համախմբվածության կոչ է արել: