
Զաքիր Հասանովը պատրաստվում է պատժել իր արձակուրդին վերջ դրած Բարդայի կորպուսի հրամանատարին

Axar.az-ի փոխանցմամբ` Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը գտնվել է արձակուրդում (արտասահմանում), երբ ճակատային գծում սկսվել են ինտենսիվ փոխհրաձգություններ, որոնց ժամանակ պաշտոնական տվյալներով զոհվել է ադրբեջանցի 8 (ոչ պաշտոնական տվյալներով` 11) զինծառայող:
Այս մասին լրատվամիջոցին հայտնել են նրա հավաստի աղբյուրները: Նրանց հաղորդմամբ` Հասանովը մինչև մինչև օգոստոսի 1-ը պաշտոնապես գտնվել է արձակուրդում:
Աղբյուրներն ընդգծել են, որ Զաքիր Հասանովն իր արձակուրդն անցկացրել է Թուրքիայի Բոդրում հանգստավայրում, և երբ օգոստոսի 1-ին իրազեկվել է զինված միջադեպի մասին, անմիջապես վերադարձել է Բաքու, որտեղից էլ մեկնել է առաջնագիծ` տեղում ծանոթանալու համար առկա իրավիճակին:
Հաղորդվում է, որ ներկայումս Հասանովը պատրաստվում է պատժել Բարդայի կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովին, քանի որ նրա պատասխանատվության գոտում է տեղի ունեցել միջադեպը:
Օսմանովին գեներալ-լեյտենանտի կոչում էին շնորհել այս տարի` Ադրբեջանի զինված ուժերի օրվա (հունիսի 26) նախօրեին: Օսմանովը Բարդայի կորպուսը գլխավորում է 2004 թվականից` այդ պաշտոնում փոխարինելով Քաբիլ Մամեդովուն: Բացի այդ, ակնկալվում է, որ մոտ ժամանակներս բարեփոխումներ կիրականացվեն Բարդայի կորպուսում: