Սամվել Նիկոյան. Երբ վտանգը թակում է մեր դուռը, մենք ներսում միմյանց ենք գզում
Եթե վտանգ է սպառնում Հայրենիքին, և վտանգված է թեկուզ մեկ մարդու կյանք, դա արդեն միայն իշխանության խնդիրը չէ, այլ պետության և ժողովրդի: Այս կարծիքին է իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը:
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակին` Սամվել Նիկոյանը կարծիք հայտնեց, որ այսօր տեղի ունեցողը ինչ-որ տեղ նաև սպասելի էր, և հավանաբար Ադրբեջանն օգտվում է նաև այն հանգամանքից, որ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է ռուս-ուկրաինական հակամարտության վրա, և փորձում է սրել վիճակը հայ-ադրբեջանական սահմանին:
Անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ են ադրբեջանական սադրանքները կապված Սարգսյան-Ալիև առաջիկա հնարավոր հանդիպման հետ, Նիկոյանը պատասխանեց` եթե համանախագահներն առաջարկներ են անում, որոնք դուր չեն գալիս Ադրբեջանին, նա անմիջապես սկսում է լարվածություն առաջացնել սահմանին` դրանով ընգծելով իր վերաբերմունքը առաջարկվող օրակարգին. «Սա նորություն չէ, բայց, իհարկե, վերջին շրջանում ակնհայտ է, որ սա արդեն էսկալացիա է հայ-ադրբեջական սահմանում: Եթե ուշադիր եք, Ադրբեջանը լարվածությունն առաջացնում է ոչ թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, այլ հենց Հայաստան-Ադրբեջան սահմանում, որովհետև հայկական գյուղերը և ճանապարհները շատ մոտ են սահմանին, իսկ Ղարաբաղում, ընդհակառակը՝ կա անվտանգության գոտի, և տուժում են նրանց բնակավայրերը»:
ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով` պետական մարմինները գործում են իրավիճակին համարժեք: Նա համաձայն չէ, որ ՀՀ արտգործնախարարությունն անգործության է մատնված. «Միշտ չէ, որ բոլոր արձագանքները կամ խոսքերը դրական ազդեցություն են ունենում: Ե´վ պաշտպանության նախարարության, և´ արտգործնախարարության մասով, կարծում եմ, բավարարը կատարվում է: ԱԳՆ-ի մասով` ամեն ինչը չէ, որ կարող է լինել հրապարակային: Իմ կարծիքով` այն, ինչ անհրաժեշտ է, կատարվում է: Միաժամանակ պետք է ասեմ, որ յուրաքանչյուր իրավիճակ թելադրում է որոշակի գործողություններ: Կարծում եմ` Ադրբեջանի գործողությունները ենթադրում են ոչ միայն ԱԳՆ-ի, այլև մնացած բոլոր պետական մարմինների շատ ավելի կոնկրետ և հստակ համապատասխան գործողություններ»:
Իսկ որքանո՞վ է համարժեք Հայաստանի քաղաքական դաշտի պահվածքը ներկա վիճակին, եթե հաշվի առնենք, որ քաղաքական ուժերը, բացառությամբ մեկ-երկուսի, չեն արձագանքում սահմանային միջադեպերին:
Անդրադառնալով այս հարցին` Սամվել Նիկոյանն ասաց. «Ես ոչ միայն համաձայն եմ այդ հարցադրման հետ, այլև ավելին, կարծում եմ` երբ վտանգը թակում է մեր դուռը, մենք ներսում միմյանց ենք գզում: Նայում ենք` ով ոնց քայլեց, ով ինչ ասեց: Այնքան ենք ներփակվել մեր ներքաղաքական, միջկուսակցական, հաճախ նաև ճղճիմ բանավեճերի մեջ, որ մոռանում ենք մեր դուռը թակող ընդհանուր վտանգի մասին: Ձեր հարցը տեղին է: Սա բոլորիս ընդհանուր Հայրենիքն է: Եթե վտանգ է սպառնում Հայրենիքին, և վտանգված է թեկուզ մեկ մարդու կյանք, դա արդեն իշխանությանը չէ, դա պետությանն է, մեր ժողովրդինն է, մեր Հայրենիքինը»: