Պաշտոնական Բաքվին զայրացրել է ԱՄՆ պետդեպարտամենտի քննադատությունը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` պաշտոնական Բաքուն արձագանքել է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությանը` կապված Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսին կալանքի տակ առնելու հետ:

Ադրբեջանի ԱԳՆ-ը Պետդեպարտամենտի հայտարարությունը որակել է որպես «հարցի քաղաքականացում և հետաքննությանը միջամտում», «Ադրբեջանի դատական համակարգի անկախությունը կասկածի տակ դնելու փորձ»:

Ադրբեջանի ԱԳՆ-ի այսօրվա հայտարարության մեջ նշված է, որ «Ադրբեջանում ոչ ոքի չեն հետապնդում քաղաքական հայացքների ու գործունեության համար: Ադրբեջանում, ինչպես և յուրաքանչյուր այլ ժողովրդավարական հասարակությունում, ուր առկա է օրենքի գերակայություն, ոչ ոք չի կարող իրեն վեր դասել օրենքից»:

Ադրբեջանի ԱԳՆ-ը հիշեցրել է, որ Լեյլա Յունուսին մեղադրում են պետական դավաճանության մեջ: Ադրբեջանի ԱԳՆ-ը հերքել է նաև երկրի քաղաքացիական հասարակության գործունեությունը սահմանափակելուն առնչվող քննադատությունները: Պաշտոնական Բաքուն կարծում է, որ անընդունելի է նման մեթոդներով Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելը:

Ինչ վերաբերում է այն պնդումներին, որ Յունուսին հալածում են «ժողովրդական դիվանագիտությանը» մասնակցելու համար, ապա ԱԳՆ-ը հայտարարում է, որ «Ադրբեջանը մշտապես կողմ է եղել ԼՂ-ի հայ և ադրբեջանական համայնքների շփումներին»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն ԱՄՆ պետդեպարտամենտին, ով մշտապես վստահեցնում է, որ պաշտպանում է օրենքի գերակայությունը խորհուրդ է տվել «փոխարենը մտածել Հայաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին»:

Տեսանյութեր

Լրահոս