
Դևիդ Քեմերոնը ՆԱՏՕ-ի ղեկավարությանը կոչ է արել վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ՆԱՏՕ-ին զգուշացրել է Ռուսաստանի կողմից պոտենցիալ ռազմական սպառնալիքի մասին, և դրա հետ կապված` ՆԱՏՕ-ի ղեկավարությանը կոչ է արել վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները:
Քեմերոնը նամակ է գրել ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդներին ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին, որում քննադատության է ենթարկել Ռուսաստանին Ղրիմի միացումը, ինչպես նաև Մոսկվային մեղադրել է Ուկրաինայի արևելքում գործող զինյալներին զենք մատակարարելու մեջ:
Քեմերոնը նաև կտրուկ դժգոհություն է հայտնել Դոնեցկի մարզում մալայզիական ավիաաղետի կապակցությամբ Կրեմլի արձագանքից: Քեմերոնը հիշեցրել է, որ ռուս-ուկրաինական ճգնաժամը շարունակվել է արդեն 6 ամիս, և որ անհրաժեշտ է պայմանավորվել երկարաժամկետ միջոցների մասին:
Քեմերոնն առաջարկել է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի զինծառայողների թիվը հասցնել մինչև 25.000-ի: