«Մի՞թե երկու հայ Ռեմբոներ ջարդել են ադրբեջանական բանակի մի ողջ ստորաբաժանում». Յուսիֆ Ալիև

Ադրբեջանական Haqqin.az լրատվական կայքի հոդվածագիր Յուսիֆ Ալիևը, իր խմբագրականում անդրադառնալով անցած գիշեր տեղի ունեցած հայ-ադրբեջանական միջադեպին՝ խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը (ՊՆ) և հատկապես նախարար Զաքիր Հասանովին` հասարակությանը տեղի ունեցածի վերաբերյալ բացատրություն չտալու համար:

Հեղինակի խոսքով` ադրբեջանական հասարակությունը խելամիտ բացատրություն է պահանջում պաշտպանության նորաթուխ նախարար Զաքիր Հասանովից` 11, գուցեև 14 ադրբեջանցի զոհերի վերաբերյալ:

«Զոհվել է գրեթե մեկ դասակ մարդ, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փորձում է քաղաքացիների, զինծառայողների ծնողների, ողջ երկրի համբերությունը: Լռում է: Ինչո՞ւ են զոհվել այդ զինվորները: Նրանք զոհվել են հակառակորդի հարձակմա՞ն հետևանքով, թե՞ սպանվել են հարձակողական գործողությունների ժամանակ: Ովքե՞ր են այդ զինվորները, նրանք հետախուզակա՞ն ստորաբաժանումից են, թե՞ մոտոհրաձգային վաշտից: Եվ ո՞վ է նրանց ուղարկել թշնամու կողմ: Ինչո՞ւ: Եվ հետո, նրանք իսկապե՞ս զինված էին իսրայելական արտադրության հատուկ սարքավորումներով և զենքով, թե՞ այն լուսանկարները, որոնք հայտնվեցին հայկական կայքերում, թշնամու նոր հորինվածքն էր: ՊՆ-ն չի ցանկանում պատասխանել այս հարցերին: Սա ցույց է տալիս, որ նորաթուխ նախարարը, որը նշանակվել է աբիևշչինայի հետևանքները վերացնելու համար, պարզապես ասելու բան չունի, նա պատասխան չունի այս բնական և արդարացի հարցադրումներին»,- գրում է Յ. Ալիևը:

Հեղինակի կարծիքով`այնուամենայնիվ, հարձակվողը ադրբեջանական կողմն է հարձակվել, քանի որ միշտ էլ հարձակվող կողմն է ավելի շատ կորուստներ տալիս: «Երեկ հայտնի դարձավ երկու հայ զինվորների մահվան մասին, իսկ այսօր հայտնի դարձավ, որ սպանվել է ադրբեջանական դասակի ուղիղ կեսը: Մի՞թե եկու հայ Ռեմբոներ ջարդել են ադրբեջանական բանակի մի ողջ ստորաբաժանում: Ինչ-որ հավատս չի գալիս, քանի որ այդպես չի լինում` ոչ թե այն պատճառով, որ Հայաստանում Ռեմբոներ չկան, այլ այն պատճառով, որ, պաշտոնական հաղորդագորության համաձայն, զինվորները սպանվել են ոչ թե նռնակի բեկորներից, այլ թշնամու գնդակից»,- նշել է Ալիևը` վերջում կրկին վերադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարին. «Ինչո՞ւ է լռում Զաքիր Հասանովը: Իսկ միգուցե նրա անո՞ւնն էլ կա Ղազախում զոհվածների թվում»:

Լուսանկարում՝ Զաքիր Հասանովը

Տեսանյութեր

Լրահոս