«Կարո՞ղ է դուք ավելի շատ ձեզ ձեր երազած տղու տեղն եք դրել». Շանթ Հարությունյանի հարցը վկա ոստիկանին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատարանում այսօր հարցաքննվեցին մոտ 20 վկաներ. բոլորն էլ ոստիկանության աշխատակիցներ էին:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի ոստիկան Արտակ Ավետիսյանը դատարանում ասաց, որ 2013թ. նոյեմեբերի 5-ին տեղակայված են եղել Բայրոն փողոցում՝ սպասարկելու համար ակնկալվող երթը: Ըստ ոստիկանի՝ որոշ ժամանակ անց ռադիոկապով հրահանգ են ստացել ոստիկանական ստորաբաժանումները մոտեցնել այն վայրին, որտեղից պետք է տեղի ունենար երթը:

Մոտենալու ընթացքում՝ Մաշտոցի պողոտայի սկզբնամասից, պայթյուններ, գոռգոռոցներ է լսել, իր ղեկավարած դասակին հրահանգել է անմիջապես մոտենալ պայթյունների ուղղությամբ: Վկա ոստիկանն ասաց, որ նկատել են ճանապարհային ոստիկանության մեքենա, որի ետևում խառնաշփոթ էր. «Գոռգոռոցներ էին: Փայտե մահակներով մարդիկ կային: Ընթացքում քաղաքացիական համազգեստով մեկը, որը բարձր ասում էր, որ ինքը ոստիկան է, անկարգության մասնակիցներից մեկին քաշեց դեպի Մաշտոցի պողոտայի միջնամաս: Անմիջապես նրա վրա մի քանի հոգի անկարգության մասնակիցներից մոտեցան և սկսեցին հարվածել: Սկսեցին հարվածել փայտերով, ձեռքերով, ոտքերով: Այդ ընթացքում ինքն անընդհատ գոռում էր, որ ինքը ոստիկանության աշխատակից է: Նույնիսկ այնտեղ մարդ կար, չեմ նկատել՝ ով որ գոռում էր՝ միլիցա ա, խփեք: Բայց չեմ նկատել` ով է եղել, որովհետև բավականին շատ  մարդ կար այդտեղ ու ֆիզիկապես ի վիճակի չէի նկատել այդ հանգամանքը: Հարվածողների մեջ էր նաև զինվորական համազգեստով մի մարդ: Ինքը առանձնանում էր և ֆիքսվել է իմ մեջ, զինվորական համազգեստով էր»: Ոստիկանն ասաց, որ ինքը մեկ այլ ոստիկանի հետ մոտեցել է, ետ են տարել քաղաքացիական հագուստով անձին հարվածողներին:

«Կարո՞ղ է դուք ավելի շատ ձեզ ձեր երազած տղու տեղն եք դրել: Հիշո՞ւմ եք, որ ես ասացի՝ թողեք թող տանեն»,- հարցրեց Շանթ Հարությունյանը վկային: Ի պատասխան՝ վկան ասաց, որ չի լսել նման բան: Վկայի հարցաքննությունից հետո փաստաբան Արա Զաքարյանը միջնորդեց դատարան բերել հեռուստացույցը և ցուցադրել դեպքի տեսագրությունները, որպեսզի վկան մատնանշի, թե դեպքի վայրում որտեղ է եղել: Փաստաբան Հովհաննես Քոչարյանը միացավ միջնորդությանը՝ նշելով, որ բոլորը սկսել են նույն բանն ասել քաղաքացիական համազգեստով ծառայողի վերաբերյալ, բոլորը լսել են «միլիցա ա, խփեք» արտահայտությունը: «Այս ցուցմունքները ստուգելու անհրաժեշտություն կա, և առանց տեսանյութը դիտելու մենք ուղղակի հնարավորություն չունենք վկայի ցուցմունքի ճշտությունը դատական նիստի ժամանակ ստուգելու»,- ասաց փաստաբանը:

Գործով մյուս փաստաբանները ևս միացան միջնորդությանը: Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ գործում առկա տեսանյութերը պատշաճ կարգով հետազոտվել են դատական քննության ընթացքում, էլեկտրոնային կրիչները բաժանվել են նաև դատավարության մասնակիցներին, դատավարության որևէ մասնակից զրկված չէ այդ հատվածը կրկին դիտել, պատճենահանել: Դատավորը որոշեց մերժել միջնորդությունը:

Տեսանյութեր

Լրահոս