Բաժիններ՝

«Մերոնք միայն հիմար հրամաններ արձակել գիտեն». Ադրբեջանում խուճապային տրամադրություններ են հասունանում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կայքերը, հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը, գրել են, որ հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը թեժ փոխհրաձգության արդյունքում սպանվել են 8 ադրբեջանցի զինծառայողներ։

Սեփական անզորությունը թաքցնելու համար՝ Ադրբեջանի ՊՆ-ն ձեռքի հետ նշել է, իբր դիվերսիայի փորձ կատարած հայկական ուժերը տալով մեծ կորուստներ՝ նահանջել են։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում նշել էր, որ հարձակումը եղել է ադրբեջանցիների կողմից, որի արդյունքում նրանք հետ են շպրտվել և տվել մեծ թվով զոհեր, իսկ հայկական կողմը երեկ գիշեր կորուստներ չի ունեցել։

Սակայն պարզվում է՝ ադրբեջանցիներն իրենք էլ չեն հավատում սեփական ՊՆ-ին՝ հայկական կողմի կորուստների մասին։ Այդ մասին կարելի է կարծիք կազմել՝ հետևելով ադրբեջանական կայքերում հրապարակվող լուրերի տակ թողնված մեկնաբանություններին։

Օրինակ, ru.oxu.az կայքի համապատասխան լուրի տակ Ռենատա Կազրետի անունով օգտատերը գրել է. «Հայերը նահանջել են մեծ կորուստներով. կոնկրետ որքա՞ն։ Իսկ միգուցե նրանք ընդհանրապե՞ս կորուստներ չեն ունեցել։ Միգուցե նրանք պարզապես եկել, գնդակահարել և գնացե՞լ են։ Ո՞վ է այս ամենի համար պատասխան տալու»:

Այս գրառմանն ի պատասխան՝ մեկ այլ օգտատեր՝ Թամերլան Բադալովը հեգնանքով ավելացրել է. «Ոչ, ըստ երևույթին մերոնք նայել են, թե ինչպես են հայերը դուրս հանում իրենց զոհերին։ Չէ՞ որ մենք հանդուրժող բարձրաշխարհիկ ժողովուրդ ենք»։ Հետո ավելացրել է, որ իրենք միայն հիմար հրամաններ արձակել գիտեն, օրինակ այն մասին, որ 1 զոհի դիմաց պետք է 10-ով պատասխանեն։ «Ո՞ւր են 80 հազ զոհերը հայկական կողմից»,- հարցրել է նա։

Թեֆա Ավոֆիթալ անունով մեկ այլ օգտատեր էլ գրել է. «8 մարդ է մահացել, հայտարարել են դեռ միայն մեկի անունը։ Իսկ ի՞նչ է՝ մյուսները անուն-ազգանուն չունե՞ն»։

Նման մեկնաբանությունները բավականին շատ են։ Ու թեպետ հնչում են վրեժխնդրության և հակահարված տալու կոչեր, այդուհանդերձ ակնհայտ է, որ ադրբեջանցիները խիստ կասկածներ ունեն իրենց պատրաստվածության և մարտունակության առումով։

Նաև հիշեցնենք, որ ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը ֆեյսբուքի իր էջում խոստովանել էր. «Կորուստները, որոնք ադրբեջանական բանակը կրել է հայերի կողմից երեկ իրականացված դիվերսիայի արդյունքում, խոշորագույնն են՝ 1994 թվականի մայիսի 12-ին հաստատված հրադադարից հետո» ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս