Բաժիններ՝

Հեղինե Բիշարյանը՝ մի խումբ մարդկանց հետ, գնացել է համալսարան, վիրավորել դասախոսներին ու ուսանողներին

«Երեկ իրենց խումբը՝ տիկին Բիշարյանի գլխավորությամբ, հավաքվել էին այստեղ, աղմկում էին, անպատվում, վանկարկում էին: Դե, բնական է, որ մերոնք էլ երևի իմացել էին, մի քիչ վիրավորված են զգացել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը՝ պարզաբանելով այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) շենքի առջև մի խումբ ուսանողների և դասախոսների հավաքի պատճառը:

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին «Օրինաց Երկիր» կուսակցությունը համալսարանի տարածքում փորձում էր երկաթե կոնստրուկցիաներով շինություն կառուցել: Տարածք էր ժամանել ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով վեճի էր բռնվել տարածքում հավաքված մարդկանց հետ: Վերջիններս պահանջում էին շինության կառուցապատման՝ ՀՀ կառավարության կողմից տրված թույլտվությունը: Պարզվեց, որ 2008 թվականին Երևանի քաղաքապետարանը տվել է կառուցապատման թույլտվությունը, սակայն կառավարության կողմից ՕԵԿ-ը որևէ թույլտվություն չի ստացել:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը, առանց միմյանց հետ համաձայնեցնելու, իրարամերժ որոշումներ են կայացրել՝ տարածքում շինություն կառուցելու թույլտվություն տալով: Ագրարային համալսարանի տարածքը մոտ 18.700 քմ է: Կառավարությունը դիմել էր բուհին, որպեսզի տա իր համաձայնությունը՝ 520 քմ տարածքը հատկացնել ՕԵԿ-ին՝ գրասենյակ կառուցելու համար:

«Մենք պետական հիմնարկ ենք, մենք չունենք մեր սեփական հողը, ինչ կա, այդ բոլորը պետությանն է: Պետությունը տալիս է մեզ՝ անժամկետ, անհատույց օգտագործում ենք: Իրենք կառուցեցին իրենց շենքը, այդ կառուցման ժամանակ կառուցեցին հարակից ավտոտնակ: Դրա գծագիրը չկար, թույլտվությունը չկար, և այդ 520 քմ-ից դուրս էր՝ մեր տարածքի մեջ էր: Երևանի քաղաքապետն այդ կառույցը ճանաչեց պետական սեփականություն: Կառավարությունն այդ՝ արդեն պետական, սեփականությունը տվեց մեզ՝ անժամկետ, անհատույց օգտագործման»,- մինչ դեպքերի զարգացումը 168.am-ի հետ զրույցում ասել էր համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը:

Այդ տարածքի մեջ մտնող ավտոսպասարկման տանիքի մի հատվածը բուհն օգտագործում է որպես լաբորատորիա՝ գյուղատնտեսական մեքենաների ուսումնասիրության համար: 2008 թվականին ՕԵԿ-ը վերցրել է տարածքի մյուս կեսը, ցանկապատել է՝ ասելով, որ ժամանակավոր օգտագործելու են վարձակալության պայմանով, որը նույնպես, ըստ Պ. Էֆենդյանի՝ կառավարությունը պետք է թույլատրեր, իսկ Ագրարային համալսարանը միայն մեկ տարով իրավունք ուներ վարձակալության տալու տվյալ տարածքը՝ Գույքի կառավարման վարչության համաձայնությամբ.

Համաձայն ՀԱԱՀ-ի տարածած հաղորդագրության՝ Ագրարային համալսարանին ՀՀ կառավարության կողմից անհատույց օգտագործման իրավունքով հանձնված շինության տանիքը «Օրինաց Երկիր» կուսակցության կողմից ապամոնտաժելու կապակցությամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հուլիսի 7-ին և 21-ին կայացրել է որոշումներ` արգելելով «Օրինաց Երկիր» կուսակցությանն իրականացնել որևէ շինարարական աշխատանքներ, բացի համալսարանի ավտոտեխսպասարկման կայանի՝ իր կողմից քանդված տանիքի վերականգնումը: Սակայն ՕԵԿ-ը ոչ միայն անտեսել է դատարանի որոշումը, այլև մի քանի օրվա ընթացքում, հիմնականում գիշերային ժամերին, վիճահարույց տարածքում կառուցել է շինություն` չունենալով նախագիծ և շինթույլտվություն: Համալսարանն այդ մասին իրազեկել է բոլոր պատկան մարմիններին:

Պ. Էֆենդյանի խոսքով՝ երեկ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ մի խումբ մարդկանց հետ, գնացել է այնտեղ ու վիրավորել դասախոսներին ու ուսանողներին: Վերջիններս էլ իմացել են այս մասին ու այսօր ինքնաբուխ հավաքվել համալսարանի մոտ.

«Չի կարելի մարդկանց անընդհատ բզել, անընդհատ պրովոկացիայի ենթարկել: Կոլեկտիվում 12 հազար մարդ ունենք, ու իրենք ինքնաբուխ՝ իրար զանգելով, հավաքվել էին: Ճիշտն ասած՝ մենք էլ այսօր բակում պետք է շինարարական աշխատանք կատարեինք, բայց որոշեցինք չանել: Զանգեցի իրենց Հովհաննես Մարգարյանին, ասացի՝ եթե այդ պայմաններում ես սկսեմ, ձերոնք, տեսնում եմ՝ պատրաստ են ինչ-որ սադրանքների, ես դադարեցնում եմ, խնդրում եմ, ձերոնց հաղորդեք՝ հերիք եղավ, բոլ եղավ, ինչքա՞ն կարելի է»:

Հարցին, թե ինչե՞ր են ասել ՕԵԿ-ականներն իրենց հասցեին, նա այսպես պատասխանեց. «Ճիշտն ասած, չգիտեմ՝ ինչեր էին ասում, դե, Բիշարյանը՝ ինչպես միշտ, բորբոքված: Դասախոսների, ուսանողների հասցեին են ինչ-որ բաներ ասել: Ես չեմ էլ ուզում իրա բառերը կրկնել: Ինչքա՞ն կարելի է այսպես: Մերոնց խնդրեցինք, որ գնան հանգստանան, արձակուրդին ուժ հավաքեն, շուտով նոր ուսումնական տարի է սկսվում»:

Իսկ ինչո՞ւ էին ՕԵԿ-ականները գնացել համալսարան: Ըստ համալսարանի պրոռեկտոր Պ. Էֆենդյանի՝ «Եկել էին իրենց պաշտպանեին, ասացի՝ դրա կարիքը չկա: Դիմել ենք դատարան, կլինի դատարանի վճիռը՝ կենթարկվենք և՛ մենք, և՛ իրենք, դա լավագույն տարբերակն է: Ուղղակի չի սազում, էլի, ո՛չ կուսակցության ակտիվիստներին, ո՛չ մեր դասախոսական կազմին՝ այդպես առճակատման գնալ, ամոթ է»:

Մեր հարցին, թե «Օրինաց Երկիրն» այս ընթացքում շարունակո՞ւմ է շինարարական աշխատանքները, Պարույր Էֆենդյանը պատասխանեց, որ հենց մութն ընկնում է՝ գալիս են. «Գրեթե ամեն օր գալիս են, բայց և՛ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, և՛ քաղաքապետարանը, և՛Ոստիկանությունը, բոլորն անխտիր կերպով պահանջել են դադարեցում, որովհետև իրենք չունեն շինարարության համապատասխան փաստաթուղթ: Անկախ ամեն ինչից՝ չի կարելի առանց շինարարական թույլտվության՝ կատարել շինարարություն»:

Պ. Էֆենդյանն ասաց, որ թեև իրենց ուսանողներն «Օրինաց Երկիրից» չեն, բայց շատ օրինապաշտ են, և երբ նրանց խնդրեցին գնալ՝ նրանք հանգիստ հեռացան. «Մենք էլ որոշեցինք քաղաքակրթության դաս տալ, վերջիվերջո, դա մեր մասնագիտությունն է, որ տեսեք՝ ինչպես կարելի է մարդկանց խնդրել, որ գնան: Ճիշտ է, մերոնք շատ բորբոքված ու վիրավորված էին…»:

Պ. Էֆենդյանն ասաց, որ ինքը խնդրել է Հովհաննես Մարգարյանին՝ գալ և խոսել աշխատակիցների հետ, սակայն նա մերժել է. «Ասացի՝ որ մեզ միասին տեսնեն՝ կհասկանան, որ թշնամական ոչինչ չկա, որ մենք, վերջին հաշվով, մնում ենք հարևաններ: Եթե դատարան ենք դիմել՝ դա չի նշանակում, որ թշնամիներ ենք: Ինքը հրաժարվեց հանդիպելուց, ասաց՝ «եթե պետք է՝ մենք կհանենք 200 մարդ»: Ասացի՝ հա, մենք էլ 400 մարդ կհանենք, հետո դուք՝ 4000… ու ի՞նչ, հո մի կաթիլ մեղրը չի՞ լինելու: Ինքն ասաց՝ թող գան 4-5 ներկայացուցիչ՝ առանձնանանք, հանդիպենք, խոսենք: Բայց դրա կարիքը չեղավ, մեր ժողովուրդը շատ օրինապաշտ ժողովուրդ է, իրենք ըմբռնումով մոտեցան ու գնացին: Հուսով ենք, որ նորից առիթ չի լինի, որ մարդիկ բորբոքվեն և հավաքվեն: Մեր կողմից ոչ մի սադրանք չի լինի, ես դա կարող եմ երաշխավորել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս