Էական բարելավում երևի թե պետք է սպասել կրթության համակարգից. Հովիկ Աբրահամյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Մինչ օրակարգին անցնելը մի տեղեկություն եմ ցանկանում ներկայացնել ձեզ: Հուլիսի 24-ին Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը հրապարակեց մարդկային զարգացման համաթվի 2014 թվականի զեկույցը: Ուզում եմ նշել, որ թեև Հայաստանի համաթիվն ունի ոչ էական բարելավում, այնուամենայնիվ, մենք շարունակում ենք մնալ անցած տարվա մեր տեղում` 87-րդ տեղում: Այս հարցում էական բարելավում երևի թե պետք է սպասել կրթության համակարգից: Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ եթե կրթության սպասվելիք տևողությունը 12.3 տարի է, փաստացի միջինը 10.8 տարի է: Կառավարության ծրագրում մենք ամրագրել ենք պետության կողմից տասներկու տարվա պարտադիր կրթության ֆինանսավորում, և այս տարվանից արդեն այդ փոփոխությունները պետք է կյանքի կոչվեն: Հանձնարարում եմ Կրթության և գիտության նախարարությանը՝ ուշի ուշով հետևել այս զարգացումներին և աշխատել ՄԱԿ-ի հետ 2015 թվականի զեկույցում արդեն ճշգրտված վիճակագրություն զետեղելու համար:
Գոյություն ունի այս համաթվի կարևոր մեկ ասպեկտ ևս, որին երևի թե հարկ է, որ ավելի մանրամասն անդրադառնա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Եթե մարդկային զարգացման համաթիվը ճշգրտում ենք անհավասարության գործակցով, ապա Հայաստանի դիրքը բարելավվում է տասնհինգ կետով, և մենք առաջ ենք անցնում հարևան Վրաստանից, Թուրքիայից և Իրանից»:

Տեսանյութեր

Լրահոս