Խախտվել է դիտորդի հերթափոխի գրաֆիկը, զինծառայողը կորցրել էր զգոնությունը, քնել ու ծառայակցին դիվերսանտի տեղ դրել. pastinfo.am
pastinfo.am –ի փոխանցմամբ` մարտական հերթապահության կանոնների խախտումը, այն է՝ դիտորդի հերթափոխի գրաֆիկի ճիշտ չկատարումը, ճակատագրական էր եղել զինվորների համար՝ խլելով զինվորի կյանք։
Զինծառայողի «աչքը կպել է», ձայներից արթնանալով՝ նա իր ծառայակցին դրել է դիվերսիոն խմբի անդամի տեղը, նրա վրա արձակել տասնյակ փամփուշտներ, ինչն առաջացրել է զինվորի մահը: Արդյունքում ստացվել է, որ իշխանության անգործության պատճառով մեկ զինվորը զրկվել է կյանքից, իսկ մյուսի ճակատագիրը՝ խեղվել:
Իսկ ի՞նչ կպատահեր, եթե իրոք դիվերսիոն խումբ ներխուժեր, փաստորեն, բաց սահմանով: Արդեն իսկ հայտնի է ոչ վաղ անցյալի դիվերսանտների ներխուժման, Հայոց տարածքում խորոված սարքելու ու ճաշակելու պատմությունը:
«Այսպե՞ս ենք պաշտպանում սահմանը» շարքից այս գործի տվյալներով, դասակի հրամանատարի տեղակալ, ավագ սերժանտ Արթուր Զոհրաբյանը, 2013թ. սեպտեմբերի 6-ից 20-նն ընդգրկված լինելով N մարտական դիրքում մարտական հերթապահությունն իրականացնող հերթափոխի կազմում որպես դիրքի ավագ, 2013թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 02:00-ին, ըստ մեղադրանքի, խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի մի շարք հոդվածների պահանջները, ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով հաստատված «ՀՀ Պետական սահմանի մարտական դիրքերում մարտական հերթապահության կազմակերպման և անցկացման մասին» կանոնադրության դրույթի պահանջները:
Դիրքի ավագը, պարտավոր լինելով վերահսկելու կազմված դիտորդների հերթափոխի գրաֆիկի ճիշտ կատարումը, նշված ժամանակ տեղյակ լինելով, որ սերժանտ Արթուր Մարտիրոսյանը, համաձայն դիրքի հերթապահության կրման հաստատված գրաֆիկի, ժամը 02:00-ից շարքայիններ Տիգրան Հակոբյանի և Խաչատուր Խաչատրյանի հետ միասին չի իրականացնում դիտորդի պարտականությունները դիտակետում, այլ գտնվում է գետնատնակում, չի կանխել դա և այդ մասին չի զեկուցել վերադաս հրամանատարությանը:
Հակառակ ծառայության շահերի, վերը նշված արարքը թաքցնելու միջոցով, դիրքի վարկանիշը չիջեցնելու շարժառիթներով, Ա.Մարտիրոսյանի աչքին բարձր երևալու համար դրսևորել է իշխանության անգործություն` Ա.Մարտիրոսյանին դիտակետ ծառայության չի ուղարկել, մարտական զգոնությունը չի ապահովել, ինչն առաջացրել է էական վնաս, ինչը կյանք է արժեցել:
Այսպես, 2013թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 02:50-ի սահմաններում, Տ.Հակոբյանը դիտակետում հերթապահելու ժամանակ քնել է, արթնացել ձայներից և տեսնելով իրենից ձախ մոտ 10 մետր հեռավորության վրա մարդկային պատկեր, չտեսնելով և չիմանալով, որ այն իր հետ տվյալ ժամին դիտակետում հերթապահություն կատարող շարքային Խ.Խաչատրյանն է, կարծելով թե հակառակորդի դիվերսիոն խումբ է ներխուժել մարտական դիրք, պետական սահմանի հատումը կանխելու համար` լիցքավորել է իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը և թվով 10 հատ փամփուշտ արձակել տեսած մարդկային պատկերի ուղղությամբ: Ստացած հրազենային մարմնական վնասվածքներով Խ.Խաչատրյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 05:15-ին մահացել է:
Դատարանը Տիգրան Հակոբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, և դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: