Մերկապարուհու՝ սեռական հարաբերություն ունենալուց հրաժարվելուց հետո նրան ապտակելու, ծեծելու գործը՝ վերաքննիչ դատարանում
«Матрёшка» գիշերային ակումբում խուլիգանության գործով առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկվել է վերաքննիչ դատարան: Ինչպես տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից, առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել է մեղադրողը, ով պահանջում է ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկման ձևով:
Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալին մեղավոր էր ճանաչել և պատիժ նշանակել՝ տուգանք 500 հազար դրամ: Մինչ դատաքննությունը սկսելը ամբաստանյալի միջնորդությամբ դատական քննությունն անցկացվել է արագացված կարգով: Նա համաձայնել է մեղադրանքի հետ:
38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել 2013 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 03:30-ի սահմաններում, քննությամբ չպարզված երկու անձանց հետ, գտնվելով «Матрёшка» գիշերային ակումբում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում «պրիվատ» առանձնասենյակում առանձնանալով նույն ակումբի Կոտ Դ՝Իվուարի Հանրապետության քաղաքացի մերկապարուհու հետ, առաջարկել է նրան իր հետ ունենալ սեռական հարաբերություն, սակայն վերջինս, մերժելով առաջարկը, դուրս է եկել առանձնասենյակից, մերժում ստանալով` զայրացած մոտեցել է ակումբի սրահի բարի մոտ գտնվող մերկապարուհուն, ապտակել նրան, ապա իրեն միացած երկու անձանց հետ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ակումբում գտնվող հաճախորդների և ակումբի աշխատակիցների նկատմամբ, տվել են հայհոյանքներ, շուրջ 10 րոպե տևողությամբ ծեծի են ենթարկել մերկապարուհուն և վերջինիս առողջությանը պատճառել են թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ այնուհետև ակումբի անվտանգության աշխատակիցներն ամբաստանյալին և մյուսներին դուրս են հանել ակումբից, իսկ մերկապարուհին հեռացել է և թաքնվել նույն ակումբի մերկապարուհիների բնակության վայր, ամբաստանյալը նշված երկու անձանց հետ հետապնդել է մերկապարուհուն, նույն հասցեի մուտքի մոտ հանդիպել է «Матрёшка» ակումբի մեկ այլ մերկապարուհու, որից չստանալով մյուսի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն` դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` շարունակել է խուլիգանական գործողությունները. շուրջ 10 րոպե տևողությամբ հայհոյանքներ է տվել նրանց հասցեին, միաժամանակ բռնություն գործադրելով` մերկապարուհու մազերից քաշելով, հարվածներ է հասցրել վերջինիս և նրա առողջությանը պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, իսկ ամբաստանյալի հետ եկած ոմն անձը ծեծի է ենթարկել ակումբի մեկ այլ մերկապարուհու:
Նրան մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից խուլիգանության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):