
ԱՄՆ-ի հրեաներն Էրդողանից պահանջել են հետ տալ իրենց մրցանակը

NEWSruIsrael պարբերականի փոխանցմամբ՝ Ամերիկյան հրեական կոնգրեսը (American Jewish Congress – AJC) Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանից պահանջել են հետ վերադարձնել այն պարգևը, որն այդ կազմակերպությունն Էրդողանին հատկացրել է 2004 թվականին՝ կապված ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանում խաղաղության ամրապնդման հարցում նրա ունեցած դերի հետ:
Today’s Zaman թերթը հայտնել է, որ AJC-ի նախագահ Ջեկ Ռոզենը հուլիսի 23-ին բաց նամակ է հղել Էրդողանին և նրան մեղադրել է հրեաների դեմ բռնություններ հրահրելու մեջ: Ռոզենն Էրդողանին անվանել է ամենահակաիսրայելական տրամադրվածությամբ առաջնորդն աշխարհում:
Սրանից առաջ էլ թուրքական ընդդիմությունն էր Էրդողանից պահանջել հետ տալ AJC-ի հատկացրած մեդալը: Ընդդիմադիրներն ընդգծել էին, որ վարչապետը միայն խոսքերով է դատապարտում Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները, սակայն պատրաստ չէ ձեռնարկել իրական որևէ միջոց:
Հուլիսի 20-ին Էրդողանը հրաժարվել էր հետ տալ մցանակը՝ հայտարարելով, որ այն ստացել է այլ պայմաններում, և ներկայումս ոչ մի կերպ չէր ընդունի նման պարգև: