
Արկադի Կարապետյան. Լևոնի համար սիրտս ցավում է

«Լևոնի համար սիրտս ցավում է, որ այդ մարդը բանտում է: Նա իրոք վատառողջ է, և չէի ուզենա, որ նա այդ վիճակում հայտնվեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո)` խոսելով Մոսկվայում արցախցի գործարար Լևոն Հայրապետյանի կալանավորման մասին:
Հայտնի հրամանատարը համաձայն է` եթե բոլոր հայ մեծահարուստները լինեին այնքան նվիրված իրենց Հայրենիքին, ինչպես բարերար Լևոն Հայրապետյանը, ապա վիճակը գուցե ավելի բարվոք լիներ, թեև, մյուս կողմից, մեր զրուցակիցը բարեգործությունը հասկանում է այնպես, ինչպես գրված է Աստվածաշնչի մեջ` «երբ ողորմություն անես, թող ձախ ձեռքդ չիմանա, թե ինչ է անում աջ ձեռքը»:
«Երբ խոնարհ ես լինում, տվածդ գումարը շատ ավելի տեղին է օգտագործվում ազգի համար: Սրա մասին է խոսքը: Իսկ, ընդհանրապես, թեև նա ինձ համար ոչինչ չի արել, ես շնորհակալ եմ նրան այն ամենի համար, ինչ նա արել է»:
Ա. Կարապետյանն ավելացրեց, որ չի ուզում կարծիք հայտնել Հայրապետյանի կալանավորման պատճառների մասին, որովհետև բոլոր վարկածները, որոնք այսօր շրջանառվում են, «կյանքի իրավունք ունեն»: