«Այդ ո՞ր դիվերսանտն է գնում խորոված անում կամ կրակ վառում, որ գան, իրեն բռնեն»

Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում այսօր հայտարարությամբ  հանդես եկավ նաև ամբաստանյալ Վարդան Վարդանյանը:
«Այսօր իրականում մեզ չեն դատում: Այսօր այս դահլիճում դատվում է հայ ժողովրդի ըմբոստ ոգին, այդ ոգու փշրանքները, որոնք մնացին մարտի 1-ից հետո: Սա վերջին ակտիվ մասսան է, որը դեռևս ի վիճակի է պայքարել իր համոզմունքների ու իրավունքների համար: Ցավոք, մեր ժողովորդն այդքանը չի գիտակցում, մեր իշխանություններն էլ ամեն կերպ փորձում են վարկաբեկելով, բռնադատելով, բոլոր պայմաննեը ստեղծելով մեզ մեկուսացնել: Դրա վառ ապացույցը մեր կարճ հիշողություն, վատ տեսողություն ունեցող ոստիկաններն են, որոնք կարող են իրենց թույլ տալ ճղած ջինսով գալ, կանգնել դատարանի դահլիճում, ռոք երգիչի պետ ելույթ ունենան, որոնք կարող են դասը սովորել մինչև 32-րդ հոդվածը, բայց 33-34-ը չիմանան և այսպիսի բազում բաներ, որ ակնհայտ փաստում են այն մասին, որ այստեղ գործում է օրենքը, որն ասում է ժողովուրդը՝ արդարադատությունը ոչ թե արդար դատելն է, այլ արդարությանը դատելն է:

Սա պարզ, պետական պատվերով բան է, ու այս ոստիկաններն իրենք իրենց խայտառակում են, ոստիկանի անունն են խայտառակում: Եթե սա պարոն ոստիկանապետի ասած՝ ոստիկանի նոր կերպարն է, ուրեմն մեզ համար ամեն ինչ պարզ է: Իսկ եթե՝ ոչ, ուրեմն՝ գոնե բարի եղեք, այդ որ ինստրուկտաժ են արել, ուղարկել մեր վրեն, մի հատ էլ սիրուն թող հրահանգավորեն՝ կգնաս, այսպես կասես: Թե չէ մարդիկ եկել են, չեմ տեսել, չգիտեմ, չեմ հիշում… Աչքը մռմռացել է, տուժող է: Իմ աչքն էլ է մռմռացել, ես էլ եմ տուժող, ինձ էլ տուժող ճանաչեք այդ դեպքում»,- դատարանում ասաց Վարդան Վարդանյանը:

Նա դիմեց ՀՀ պաշտպանության նախարարին՝ նշելով, որ նոյեմբերի 5-ի գործողություններին մասնակցել է երկու բարձրաստիճան սպա. «Իրենց հետաքրքիր չէ՞՝ ո՞րն է դրդապատճառը, թե՞ իրենք թքած ունեն դրա վրա»: Նա հարց հնչեցրեց՝ արդյոք չի հետաքրքրո՞ւմ՝ ինչո՞ւ են այդքան սպաներ լքում բանակը:

«Մտածեք, երկու ամիս հետո ուշ է լինելու,- դիմելով ժողովրդին ասաց Վարդան Վարդանյանը՝ հավելելով,- Այս դիվերսիոն խմբեր… այս հեքիաթները, որ պատմում են տելեվիզորով: Նեուժելի՞ մի հատ խելքը գլխին մարդ չկա, պարոն նախարարին ասի՝ պարոն նախարար՝ այդ որ դիվերսանտն է գնում խորոված անում կամ կրակ վառում, որ գան, իրեն բռնեն: Թե՞ մասնագետ չկա խորհրդակցի, մեր ռազվետչիկներին մի հատ հարցնի՝ որ գնում է թշնամու թիկունք, խանութներ է թալանում, 17 տարեկան երեխա է սպանում, խորոված են անում, որ սաղ տեսնեն՝ ծուխը բարձրանում է, գան բռնեն: Այ մարդ, լավ, հերիք է այս ժողովրդի աչքին թոզ փչեք: Ո՞ր փիլիոսափան էր ասել: Ասել էր՝ ամբողջ ժողովրդի մի մասին կարելի է խաբել միշտ, ամբողջ ժողովրդին կարելի է խաբել մի ժամանակ, ամբողջ ժողովրդին միշտ խաբել հնարավոր չէ: Հերիք եղավ, մի բան էլ դուզ ասեք էլի»,- ասաց Վարդան Վարդանյանը:

Տեսանյութեր

Լրահոս