Բաժիններ՝

Վարորդները կկարողանան շունչ քաշել

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ են կատարվելու: Գործադիրը հավանություն է տվել օրենքի այս նախագծին, և այն ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիսի 26-ին: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ նման որոշում կայացվեց, քանի որ ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների համար նախատեսված տուգանքների չափերը հասարակության լայն շերտերի դժգոհությունն էր առաջացրել: Դժգոհությունը կապված էր հատկապես այն բանի հետ, որ ճանապարհային նշաններն ու գծանշանների պահանջները չկատարելը առաջացնում է մի դեպքում տուգանք նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, մեկ այլ դեպքում՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Է. Հովհաննիսյանի խոսքով՝ այժմ, այդ փոփոխությունների համաձայն, տուգանքի չափի ավելացումը 30 օրվա համար սահմանվում է տուգանքի 25%-ի չափով, իսկ 60 օրվա համար՝ 50%-ի չափով, ինչպես նաև՝ տուգանքի չափի ավելացումն իրականացվելու է միայն տուգանքի փաստացի չվճարված մասի վրա:

Է. Հովհաննիսյանի խոսքով՝ հասարակության մեծ մասը բողոքում է նաև նրանից, որ երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու դեպքում սահմանված տուգանքի չափերն էլ են շատ մեծ:

Օրինակ՝ երթևեկության սահմանված արագությունը 1-10կմ/ժ գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, կամ 11-30կմ/ժ-ով՝ երեսնապատիկի չափով և այլն, այն էլ այն դեպքում, երբ առկա են հանրային վտանգավորության տարբեր աստիճաններ:

Ըստ նրա՝ այս մասով ևս փոփոխություններ կատարվել են՝ մասնավորպես՝ երթևեկության սահմանված արագությունը 1-20 կմ/ժ-ով գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյութ գերազանցված կմ/ժ արագության համար նվազագույն աշխատավարձի չափով, այսինքն՝ 1կմ/ժ = 1000 դր, 21-30կմ/ժ-ով գերազանցելը՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, 31-50կմ/ժ-ով գերազանցելը՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, 51 և ավելի կմ/ժ-ով գերազանցելը՝ նվազագույն աշխատավարձի երկհարյուրապատիկի չափով:

Է. Հովհաննիսյանն անդրադարձավ նաև այն հարցին, որ բազմաթիվ քաղաքացիներ հատկապես մարզերում բողոքում են, որ առանց պատշաճ ծանուցման՝ ճանապարհային ոստիկանության նշանակած վարչական տույժերը եռապատկվում կամ հնգապատկվում են: Նրանք միայն հայտնաբերում են, որ իրենց բանկային հաշիվներն արգելափակված են: Նրա կարծիքով՝ Ազգային ժողովն այս հարցը պիտի արձակուրդ մեկնելուց առաջ առաջնահերթ քննարկեր:

Է. Հովհաննիսյանի խոսքով՝ միաժամանակ խստացել են վարչական որոշ իրավախախտումների համար սահմանված վարչական տույժերը: Օրինակ՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընթացքի ժամանակ հեռախոսակապից օգտվելն առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, կանգառից դուրս կանգառ կատարելը՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, ծխելու համար տուգանքի չափը ևս նախատեսվում է բարձրացնել և այլն:

Է. Հովհաննիսյանը նաև անդրադարձավ քաղաքացիների այն բողոքներին, որ վարչական մարմինը գործն անմիջապես ուղարկում է հարկադիր կատարողին՝ շրջանցելով ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը: Ըստ նրա՝ ԱԺ-ում քննարկման ժամանակ բարձրացվեց այս հարցը, բայց ոչ մի արձագանքի չարժնացավ:

Է. Հովհաննիսյանի խոսքով՝ իրենց կազմակերպությունը բազմաթիվ զանգեր է ստանում նաև այն հարցի հետ կապված, որ մեքենաները կայանելու տեղ չկա. վարորդները ստիպված երկրորդ գոտում են կայանում մեքենաները՝ ուղևոր վերցնելու կամ իջեցնելու համար, ինչի պատճառով մեծ տուգանքներ են գալիս: Նրանք բողոքում են նաև, որ լուսացույցները չեն երևում. ծառերի ճյուղերը խանգարյում են և այլն:
Չնայած սրան՝ Էդուարդ Հովհաննիսյանը կարծում է, որ վարորդներն այս փոփոխություններից հետո կկարողանան մի փոքր շունչ քաշել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս