
ԱՄՆ-ի հետախուզությունը չի բացառում, որ Ուկրաինայում գործող զինյալները սխալմամբ են կործանել մալայզիական օդանավը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան հետախուզության բարձրաստիճան ներկայացուցիչները հայտարարել են, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում նրա համար, որ ստեղծել է այնպիսի պայմաններ, որոնք հանգեցրել են Ուկրաինայի տարածքում մալայզիական օդանավի կործանմանը:
Ամերիկյան հետախուզության ներկայացուցիչները, սակայն, զգուշավորություն են պահպանել իրենց գնահատականներում: Նրանք հայտարարել են, որ թեպետ Ռուսաստանը սպառազինում է Ուկրաինայի արևելքում գործող զինյալներին, այնուամենայնիվ՝ ԱՄՆ-ը չունի ուղիղ ապացույցներ, որ օդանավը կործանած հրթիռը եկել է Ռուսաստանի տարածքից:
Նրանք կարծում են, որ ինքնաթիռը,ամենայն հավանականությամբ, կործանվել է Ռուսաստանի աջակցությունը վայելող զինյալների արձակած SA-11 «երկիր-օդ» դասի հրթիռի միջոցով:
Ամերիկացի մասնագետներն առավել հավանական են համարում, որ զինյալները սխալմամբ են կործանել մարդատար օդանավը, ինչից առաջ նրանք կործանել էին ուկրաինական 12 մարտական ինքնաթիռ:
Նրանք կարծում են, որ զինյալները չունեն բավականաչափ պատրաստվածություն՝ զենիթա-հրթիռային համալիրների հետ աշխատելու համար: