Բաժիններ՝

Սուրբ Աստվածածինը կործանման եզրին է

tesankyun.am-ը գրում է.  Աչաջուրը Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի ամենամեծ գյուղական համայնքն է: Աչաջրի կենտրոնում հառնում է 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին :

Այն կարող է եւ պետք է ծառայի քրիստոնեական ծիսական արարողությունների՝ պատարագի,կնունքի, մոմավառության համար: Սակայն այս եկեղեցին ներկայումս որպես հոգեւոր օջախ չի ծառայում: Սրբավայրն այժմ քանդվելու վտանգի առաջ է կանգնած:

Եկեղեցու պատերը խոնավությունից քանդվում են, քանդված տանիքից անձրեւներն ու ձյունը ներս են լցվում: Մոտ 6-7 տարի առաջ ուժեղ քամիներից շենքի տանիքը քանդվել է:

Եկեղեցի մտնողները պետք է ուշադիր լինեն,քանզի քարերը կարող են թափվել նրանց վրա: Սուրբ Աստվածածինը 4573 բնակիչ ունեցող Աչաջրի միակ եկեղեցին է: Աչաջրի անտառում է հռչակավոր Մակարավանքը, բայց այն գյուղից 7 կիլոմետր հեռավորութամբ է գտնվում, եւ Աչաջրի հավատացյալների համար դժվար է անցնել այդ հեռավորությունը, բարձրանալ անտառի լանջն ի վեր եւ հասնել Մակարավանք:

1930-ական թվականներին կոմունիստները պայթեցել են Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունը, որի քարերը ներկայումս որպես նստարան են ծառայում եկեղեցու շրջակա տների բնակիչների համար: Եկեղեցու զանգն էլ տեղափոխել են նախ՝ գյուղի միջնակարգ դպրոց, ապա՝ Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշարձան: Մարդկային ավերածություններին միացել է բնությունը՝ եկեղեցու քանդելը շարունակելով:

Իջեւանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Թորգոմ քահանա Մարգարյանը տարիներ առաջ նախաձեռնել էր եկեղեցու նորոգման համար անհրաժեշտ գումարի հանգանակությունը :

Բացվել էր բանկային հաշվեհամար,որին պետք է գումար ուղարկեին տարբեր բնագավառներում ղեկավար դիրք զբաղեցնող,ֆինանսապես կայացած աչաջրեցիները:Սակայն այդ հաշվեհամարին շատ քիչ գումար է հանգանակվել, մինչդեռ Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնանորոգման համար պահանջվում է մի քանի տասնյակ միլիոն դրամ դրամ:

Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանին հարցրի, թե եկեղեցու վերականգնման ի՞նչ ծրագրեր կան: Նա ասաց, որ Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանն ասել էր ,որ եկեղեցու նորոգման ծրագիր պետք է իրականացվի, սակայն դա այդպես էլ չի կատարվել: Մեր ոչ բարի հարեւան ադրբեջանցիներն իրենց համար պատմություն են հորինում, հայկական եւ աղվանական եկեղեցիները համարում ադրբեջանական,իսկ մեր հողի վրա քանդվում-վերանում են հայոց եկեղեցիները:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը մի առիթով ասել է, որ ինքը գործ չունի սարերի գլխին հառնող վանքերի վերանորոգման հետ: Սակայն Աչաջրի եկեղեցին հեռու, սարերի գլխին չէ:

Աչաջրի բնակիչները պետք է աղոթատեղի ունենան: Գյուղերում աղոթատեղիներ չկան, հետո էլ զարմանում ենք, որ օրեցօր Տավուշի սահմանագոտում Եհովայի վկաների եւ կրոնական այլ ուղղությունների հետնորդների քանակի ավելանում է :

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս