Տերյան փողոցում տնտեսագիտական համալսարանի ուսանողի սպանության գործով ամբաստանյալը հարցաքննվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Տնտեսագիտական համալսարանի ուսանող Տիգրան Հայրապետյանի սպանության գործով դատական նիստը: Դատարանում այսօր ցուցմունք տվեց գործով ամբաստանյալներից մեկը` Դավիթ Մ-ն: Նա մեղադրվում է խուլիգանություն կատարելու և հանցագործության կատարման գործիք հանդիսացող դանակի հետքերի պարտակում կատարելու մեջ (ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ և 334-րդ հոդվածի 1-ին մաս):

Այսօր դատարանում ամբաստանյալը նախ իր ցավակցությունը հայտնեց մահացած երիտասարդ Տիգրան Հայրապետյանի ծնողներին ու հարազատներին: Դավիթ Մ.-ն հայտարարեց, որ չի ընդունում իրեն առաջադրված երկու մեղադրանքներն էլ: Նա հայտնեց, որ 2013թ. ապրիլի 9-ին սովորականի նման գնացել է համալսարան, մասնակցել բոլոր դասերին, ապա իրեն է զանգահարել գործով մյուս ամբաստանյալը՝ Հայկը, և հայտնել, որ սպասում է իրեն համալսարանի մոտ: Ըստ ամբաստանյալի՝ ինքը հանդիպել է Հայկին, նրա հետ Բանգլադեշ գնացել, ապա նրանից իմացել, որ ընկերներից մեկին՝ Կարենին, ծեծել են: Երբ հասել են Մատենադարանի մոտ, նկատել են Կարենին և այլ անձի, ինքն ասել է, որ պետք չէ իջնել, սակայն իջել են ավտոմեքենայից: Ըստ ամբաստանյալի՝ իրենք քայլել են դեպի Տերյան փողոց, որտեղ տղաների են նկատել. «Սկսվեց վիճաբանություն: Ես որևէ գործողություն չէի կատարում, ոչինչ չէի ասում: Այդ վիճաբանության ընթացքում ինչ-որ մեկը ձեռքով հարվածեց կողքիս, իսկ մեկն էլ ոտքով հարվածեց մյուս կողքիս: Ինքնապաշտպանության նպատակով, այդ հարվածները կանխելու համար դիմադրություն եմ ցույց տվել կոնկրետ այն անձանց, որոնք ինձ հարվածում էին, քանի որ ֆիզիկապես ցավ էի զգում: Նրանցից բացի՝ այլ անձանց չեմ հարվածել: Հանկարծ նկատեցի, որ ինչ-որ մեկի ոտքին դանակ կպավ, որը պտտվելով՝ ընկավ իմ դիմաց: Դանակը, որը ընկավ իմ դիմաց, նմանեցրի դանակին, որը մինչ այդ նկատել էի Հայկի մոտ»: Ամբաստանյալն ասաց, որ շուրջը նայելով՝ տեսել է, որ Հայկը վազում է, ինքն էլ չի ցանկացել, որ դանակն ընկած մնա գետնին, որպեսզի այն ինչ-որ մեկը չվերցնի և դրանով վնաս չպատճառի. ամբաստանյալի խոսքով՝ ինքը դանակի վրա արյուն է տեսել, ապա շենքերից մեկի վրա փակցված հայտարարությունը պոկել է, դանակը փաթաթել այդ թղթով, ապա դանակը տվել Կարենին:

Ամբաստանյալը դատարանում ասաց, որ արդեն տանը՝ երեկոյան, ինտերնետային կայքերում կարդացել է, որ Տերյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում դանակահարվել և սպանվել է Տնտեսագիտական համալսարանի ուսանող Տիգրան Հայրապետյանը: Ամբաստանյալն ասաց, որ ինքը մյուս ամբաստանյալին՝ Հայկ Ա.-ին (նա անչափահաս է), ճանաչում է արդեն երկար տարիներ. «Մտերիմ ընկերներ ենք, ու համոզված եմ, որ Հայկն ունակ չէ կյանքից զրկել ինչ-որ մեկին: Նա օրինակելի ընտանիքի զավակ է, ճանաչում եմ նրա ծնողներին: Եթե Հայկն ընդունակ լիներ մարդ սպանել, ես նրա հետ առհասարակ չէի շփվի»:
Ամբաստանյալն իր ցուցմունքում անդրադարձավ վկաների ցուցմունքներին, նշեց, որ մյուս ամբաստանյալը՝ Հայկ Ա.-ն, սպանված երիտասարդին ընդհանրապես չի ճանաչել, հետևաբար՝ նրան վնասվածք պատճառելու որևէ պատճառ չի ունեցել. «Մինչ օրս հայտնաբերված չէ Տիգրան Հայրապետյանի մահվան հետ կապ ունեցող՝ վերջինիս մահ պատճառած գործիքը: Նման պայմաններում, առանց հետազոտելու այն, առանց պարզելու՝ արդյո՞ք Տիգրան Հայրապետյանը սպանվել է այն դանակով, որը ես վերցրել եմ ու հանձնել եմ Հայկին, դրա վրա արդյո՞ք կան հետքեր, ի՞նչ հետքեր են դրանք, ո՞ւմ են պատկանում, նախաքննական մարմինն ինձ մեղադրանք է առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 334-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար»:

Ամբաստանյալի խոսքով՝ վկաները հերքել են իր կողմից խուլիգանական գործողություններ կատարելը, ինքը հայհոյանք չի հնչեցրել, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք չի դրսևորել, իսկ դանակն էլ վերցրել է, որպեսզի վիճաբանության մասնակիցները դրանով միմյանց վնասվածք չպատճառեն: Ամբաստանյալն ասաց, որ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման: «Ինքս ցանկանում եմ և շահագրգռված եմ, որ բացահայտվի հանցագործությունը, պատժվեն իրական մեղավորները, սակայն մեղադրանքի կողմը մեղավորներին փնտրում է ոչ այնտեղ, որտեղ որ պետք է»,- ասաց ամբաստանյալը: Նա նշեց, որ եթե մեղադրողը չհրաժարվի իրեն առաջադրված մեղադրանքից, ապա ինքը դատարանին խնդրում է կայացնել արդարացման դատավճիռ, քանի որ ինքը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:

Դատական նիստի ընթացքում գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի միջնորդությամբ հրապարակվեցին ամբաստանյալի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի՝ նախաքննության և դատաքննության ընթացքում առկա են էական հակասություններ: Նշենք, որր նախաքննության ընթացքում հարցաքննվելիս Դավիթ Մ.-ն անչափահաս է եղել, նրա հարցաքննությանը մասնակցել է հայրը՝ որպես օրինական ներկայացուցիչ: Քննիչի հարցին՝ Տիգրան Հայրապետյանի դիակի վրա հայտնաբերվել է ոչ թե մեկ, այլ երեք սուր-կտրող-ծակող առարկայով հասցված վնասվածքներ, ի՞նչ կասեք այդ կապակցությամբ, ամբաստանյալը պատասխանել էր. «Երեք վնասվածքների մասին ես չեմ իմացել: Հայկն ինձ ասել է, որ մեկ անգամ է խփել մահացողին դանակով, որի մասին հայտնել է Ոստիկանությունում, և ընդունել, որ ինքն է սպանել Տիգրան Հայրապետյանին: Այդ ամենը Հայկն ինձ ասել է հեռախոսով զրույցի ժամանակ, երբ բերդից taxaphone-ից զանգել էր իմ համարին»: Այսօր, սակայն, ամբաստանյալը հայտնեց, որ ամբաստանյալն իրեն քրեակատարողական հիմնարկից չի զանգահարել:

Տեսանյութեր

Լրահոս