Բաժիններ՝

Կատարված փոփոխությունը քաղաքացիներին կարող է լուրջ խնդիրների առջև կանգնեցնել. փաստաբան. Iravaban.net

2014 թվականի հունիսի 10-ին ընդունված «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանվել է, որ գործին մասնակցող ֆիզիկական և իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են ներկայացնել միայն փաստաբանի միջոցով: Ինչպես գրում է Iravaban.net-ը, ըստ փաստաբան Վարուժան Վարդանյանի այն լուրջ խնդիր կարող է առաջացնել՝ ստեղծելով անհավասար պայմաններ. «Մինչև նախորդ ամիս քաղաքացին կարող էր անձամբ ինքն իր վճռաբեկ բողոքը ստորագրել: Կարիք չկար փաստաբան վարձել, լրացուցիչ ծախսեր կատարել: Այս փոփոխությունն արդարացված չէ և կարող է սահմանափակել անձի դատական պաշտպանվածության սահմանադրական իրավունքը»: Մասնագետի հավաստմամբ՝ Վճռաբեկ դատարանը ցանկանում է ամեն կերպ կրճատել վճռաբեկ բողոքների թիվը՝ պատճառաբանելով ծանրաբեռնված լինելու հանգամանքը. «Այս հարցին նման լուծում տալն արդյունավետ չէ՝ հաշվի առնելով քաղաքացիների սոցիալական պայմանները: Ցանկանալով բողոքարկել Վերաքննիչի որոշումները՝ քաղաքացիները լուրջ խնդրի առջև են կանգնում: Նրանք ստիպված են լինելու ներգրավել փաստաբան»: Վարուժան Վարդանյանը նկատեց՝ գուցե առաջին հայացքից այս փոփոխությունը փաստաբանների համար թվա շահավետ, քանի որ բարձրանում է փաստաբանի պահանջարկը, բայց այն կարող է նաև վնաս հասցնել փաստաբանի վարկանիշին. «Հնարավոր է քաղաքացիների մոտ դժգոհություն առաջանա, փաստաբանին նույնացնեն Վճռաբեկ դատարանի հետ, մինչդեռ իրենք անկախ են և պաշտպանում են քաղաքացու շահերը»: Նշենք, որ նախկինում գոյություն է ունեցել արտոնագրված փաստաբանների ինստիտուտը: Միայն վերջիններս կարող էին դիմել Վճռաբեկ դատարան, սակայն Սահմանադրական դատարանն այդ նորմը ճանաչել է հակասահմանադրական, քանի որ այն սահմանափակում էր անձի դատական պաշտպանության իրավունքը:

Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը՝ Iravaban.net-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս