Պորոշենկոն հրամայել է կրակը դադարեցնել մալայզիական օդանավի կործանման հատվածում
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուկրաինացի զինվորականներին հանձնարարել է դադարեցնել մալայզիական օդանավի կործանման վայրից 40 կիլոմետր շառավղով ռազմական գործողությունները: Այս մասին Պորոշենկոն հայտարարել է Կիևում Մալայզիայի դեսպանատուն այցելելուց հետո լրագրողների հետ ունեցած զրույցում.
«Ես հանձնարարել եմ, որ ուկրաինացի զինվորականներն աղետի վայրից 40 կիլոմետր շառավղով հեռավորության վրա անմիջապես դադարեցնեն գործողություններ իրականացնելն ու կրակ բացելը».
Պորոշենկոն ընդգծել է, որ դեպքի վայրում գործում են ինքնահռչակ ԴԺՀ-ի ներկայացուցիչները, որոնք խոչընդոտում են ուկրաինական հետաքննչական հանձնաժողովի և ICAO-ի ձևավորած հանձնաժողովի աշխատանքը:
Պորոշենկոն օդանավի կործանումը որակել է որպես գլոբալ աղետ: Միջազգային փորձագետների խումբն արդեն իսկ ժամանել է Խարկով: Օդանավի կործանման միջազգային հետաքննումը կարող է գլխավորել Նիդերլանդները: