
Թուրքիայում Էրդողանի որդուն մեղադրել են Իսրայելին նավթ վաճառելու մեջ

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանի որդի Բիլալ Էրդողանն ադրբեջանական նավթ է վաճառում Իսրայելին, որը Թուրքիա է հասցնում «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղով:
Թերթը հիշեցրել է, որ ադրբեջանական SOCAR-ին է պատկանում Թուրքիայում գտնվող Star վերամշակման գործարանը, որն Իսրայելի հիմնական նավթամատակարարն է: SOCAR ընկերության կողմից Իսրայելին նավթ վաճառելը վկայում է, որ Թուրքիայի կառավարությունն անկեղծ չէ Իսրայելի հարցում:
Բացի այդ, SOCAR-ի դուստր ընկերությունը՝ Caspian Drilling Company-ն, Միջերկրական ծովում զբաղված է Իսրայելի համար նավթի փնտրտուքով: Էներգետիկ անվտանգության կենտրոնի փորձագետ Թուղջե Վարոլն ընդգծել է, որ ԲԹՋ-ն ապահովում է Իսրայելի նավթային կարիքների 30 տոկոսը:
Փորձագետը նաև ընդգծել է, որ Իսրայելին ադրբեջանական նավթի մատակարարմամբ զբաղվում է Էրդողանի որդին: Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն իր հերթին հայտարարել է, որ իսրայելական ինքնաթիռները լիցքավորվում են Էրդողանի որդու տրամադրած նավթային վառելիքով և ռմբակոծում են Գազայի հատվածը:
Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը նավթ և նավթամթերք չի վաճառում Իսրայելին, և որ այդ մասին պնդումները կատարելապես կեղծիք են: