ՊՆ խոսնակի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ Առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի հարցազրույցի առնչությամբ հնչող բազում հարցերին ի պատասխան ներկայացնենք հետևյալը.

Ադրբեջանի կողմից հրահրվող գործողություններին հայկական կողմի արձագանքի զուսպ և անհամարժեք գնահատականը երկիմաստ տարակուսանք է առաջացնում: Եթե նկատի առնենք այն հանգամանքը, որ շփման գծում հայկական ուժերը չեն պատասխանում ադրբեջանական անկանոն կրակոցներին, և պատժվում են միայն նպատակային կրակոցները, որի մասինբազմիցս արտահայտվել է ՀՀ պաշտպանության նախարարը, ինչպես նաև այն, որ հայկական կողմն առանց որևէ պատճառի երբևիցե առաջինը չի հրահրում իրավիճակի սրում, ապա, այո, հայկական կողմի արձագանքը կարելի է զուսպ համարել:

Սակայն ինչ վերաբերում է անհամարժեքությանը, ապա այդ գնահատականը հետ կտրականապես անընդունելի է, քանի որ պաշտոնական լրահոսի պարզ մոնիտորինգն անգամ կարող է ցույց տալ այս դեպքում որպես հիմնական ցուցիչ հանդիսացող հակամարտող կողմերի կորուստների իրական պատկերը: Լրատվամիջոցներով այդ կորուստների ներկայացման ձևերին և մեթոդներին (ի տարբերություն հայկական կողմի՝ ադրբեջանական կողմն իր կորուստները հաճախ հիմնավորում է մտացածին տարբեր պատճառներով), անդրադառնալիս, ըստ էության պետք է նկատի ունենալ, որ դա քաղաքակրթական-բարոյական տարբերության արդյունք է: Պատերազմական ցանկացած իրավիճակ հրամանատարության համար դիլեմա է, և դա մեր դեպքում շարունակվում է 1994թ.-ից:

Ի դեպ, այդ ժամանակից ի վեր «մեծ ջանքերի և հնարամտության» շնորհիվ է հնարավոր լինում արդյունավետ զսպել ադրբեջանական իշխանությունների նկրտումները և պահպանել ուժերի հարաբերակցությունը, թույլ չտալ հակառակորդին ստանալ ոչ ռազմավարական և ոչ էլ մարտավարական առավելություն:

Բանակի խնդիրների լիարժեք կատարման արդյունքում է չեզոքացվում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը` հնարավորություն ընձեռելով ձեռնամուխ լինել խնդրի քաղաքական կարգավորման ուղիների որոնմանը: Կարծում ենք՝ նման եզրահանգումները նաև չեն օժանդակում տեղեկատվական հակամարտության մեջ ջանքերին և նպատակներին»:

Տեսանյութեր

Լրահոս