Իրանի պաշտպանության նախարարը սեպտեմբերին կայցելի Բաքու
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամն՝ Իրանի պաշտպանության նախարար Հուսեին Դեհգհանը սեպտեմբերին այցելելու է Բաքու: Դա հերթական անգամ վկայում է իրանա-ադրբեջանական հարաբերություններում ջերմացում գրանցվելու մասին:
Երկկողմ հարաբերությունների ջերմացման առաջին ցուցիչն ի հայտ եկավ ապրիլի սկզբին, երբ Իրան այցելեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի հետ հանդիպեցին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ու Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին:
Տարածաշրջանում փոփոխվող դինամիկան, կարծես թե, նոր, ավելի կառուցողական հնարավորություններ է բացում իրանա-ադրբեջանական հարաբերությունների համար:
Խոսքը գնում է Իրանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների, Իրանի ու «Վեցյակի» միջև տարվող բանակցային գործընթացի, շիական երկրներ Իրանի ու Ադրբեջանի կողմից սալաֆիականության խնդրին բախվելու մասին:
Բացի այդ, Իրանն ու Ադրբեջանը շահագրգռված են, որ վերածնվող Ռուսաստանին թույլ չտան սեփական ազդեցությունն ընդլայնել ու ամրապնդել Հարավային Կովկասում: Իրանի համար Հարավային Կովկասը յուրօրինակ բուֆեր է ծառայում ընդդեմ Ռուսաստանի:
ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ չմտնող Իրանն իր հերթին ցանկանում է ավելի ակտիվ դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Իրանը հատկապես ձգտում է խուսափել ռազմական գործողությունների վերսկսումից, ինչն անկայունություն կստեղծեր նրա հյուսիսային սահմաններին: