Դատախազը պահանջել է ադրբեջանցի Օրհան Զեյնալովին դատապարտել 18 տարվա ազատազրկման

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պետական մեղադրողը Մոսկվայի քաղաքային դատարանում պահանջել է Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովին դատապարտել մինչև 18 տարվա ազատազրկման՝ Մոսկվայի բնակիչ Եգոր Շչերբակովին սպանելու համար:

Մեղադրող կողմը համոզված է, որ Զեյնալովը մեղավոր է Շչերբակովի սպանության մեջ, որ Զեյնալովը սառնասրտորեն ու ցինիկաբար սպանել է Շչերբակովին, ինչի համար էլ անհրաժեշտ է նրան ազատազրկել 18 տարով, որից 10 տարին նա պետք է անցկացնի բանտում, իսկ մնացյալը՝ խիստ ռեժիմի գաղութում:

Իր ելույթում դատախազն ընդգծել է, որ հաստատված է սպանության հարցում Զեյնալովի մեղավորությունը, և որ ինքնապաշտպանվելու մասին նրա տարբերակը հերքվում է ականատեսների վկայություններով, ինչպես նաև իր ծնողների հետ Զեյնալովի վարած բանակցությունների հրապարակումներով:

Մասնավորապես, Զեյնալովը ծնողների հետ խոսելիս հայտնել է, որ դանակի հարվածներ է հասցրել Շչերբակովի կրծքավանդակին ու թիկունքին, ինչպես նաև հայտնել է, որ կերպարանափոխվելու է (քաշ է հավաքելու, մորուք է աճեցնելու), անելու է ամեն ինչ, որպեսզի իրեն չձերբակալեն:

Հետաքննության տվյալներով՝ Զեյնալովը 2013 թվականի հոկտեմբերի 10-ի գիշերը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կոնֆլիկտ է հրահրել 25-ամյա մոսկվացի Եգոր Շչերբակովի հետ, որի ժամանակ էլ սպանել է նրան ու փախուստի դիմել: Շչերբակովը ստացած վերքերից մահացել էր տեղում: Նրա մահը զանգվածային անկարգություններ էր առաջացրել Մոսկվայում:

Տեսանյութեր

Լրահոս