
Մալաթիայի ռադարը կապ չունի Իսրայելի հետ. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Թանժու Բիլգիչը հերքել է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի խոսքերը, որ Քյուրեջիքում (Մալաթիա) տեղակայված ՆԱՏՕ-ի ռադարի հավաքած տվյալները փոխանցվում են Իսրայելին, որն էլ դրանք գործածում է պաղեստինցիների դեմ իր գործողություններում:
Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ Իսրայելը կապ չունի Քյուրեջիքի ռադարի հետ: Նա հիշեցրել է, որ Իսրայելը չի հանդիսանում ՆԱՏՕ-ի անդամ, և հետևաբար Քյուրեջիքի ռադարի հավաքած տվյալները չեն կարող փոխանցվել նրան: Բիլգիչի խոսքերով՝ այդ ռադարն ամբողջովին ապահովում է Թուրքիայի ազգային անվտանգությունը:
Բիլգիչը կողմ է արտահայտվել, որ Իսրայելն անհապաղ դադարեցնի Գազայի հատվածի դեմ իր գործողություններն ու հակամարտող կողմերի միջև հաստատվի հրադադար: Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 502-ի, իսկ վիրավորների թիվը՝ 3000-ի: