
Գազայի հատվածում զոհվել է ամերիկացի երկու զինծառայող

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանական բանակում ծառայող երկու ամերիկացիներ զոհվել են Գազայի հատվածում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին:
Նրա խոսքերով՝ Գազայի հատվածում զոհվել են Կալիֆորնիան ներկայացնող, 24-ամյա Մաքս Շտեյնբերգն ու Թեքսասը ներկայացնող, 21-ամյա Շոն Կարմելին: Վերջինս Իսրայելում հայտնվել է 2010 թվականին, իսկ Շտեյնբերգը՝ 2012 թվականին: Երկու ամերիկացիներն էլ ծառայում էին «Գոլանի» հետևակային բրիգադում:
Իսրայելը նախօրեին ընդլայնել է Գազայի հատվածի դեմ ցամաքային գործողության ակտիվ փուլը: Վերջին օրերին իսրայելական բանակը կորցրել է 13 զինվոր: Դրանով իսկ հուլիսի 7-ից Գազայի հատվածի դեմ իրականացվող գործողության հետևանքով իսրայելական կողմի կորուստները հասել են 18 մարդու, մինչդեռ պաղեստինյան կողմի կորուստները կազմում են ավելի քան 500 մարդ:
Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը Թել Ավիվում հայտարարել է, որ իսրայելական զորքերն առաջիկա օրերին կոչնչացնեն պաղեստինցի զինյալների ստորգետնյա թունելները, որոնք փորվել են Իսրայելի հետ սահմանին՝ մասշատաբային դիվերսիաներ կազմակերպելու համար: