
Որևէ մեկն իրավունք չունի մալայզիական օդանավի աղետն օգտագործել քաղաքական նպատակերով. Պուտին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում հակամարտող բոլոր կողմերին կոչ է արել պայմաններ ապահովել՝ Դոնեցկի մարզի երկնքում մալայզիական Boeing-ի աղետը լիովին հետաքննելու համար:
Պուտինը Դոնեցկի մարզում տեղի ունեցածն անվանել է սարսափելի աղետ և հիշեցրել, որ Ռուսաստանը հակամարտող բոլոր կողմերին քանիցս կոչ է արել անհապաղ դադարեցնել արյունահեղությունը և նստել բանակցային սեղանի շուրջ:
Պուտինը վստահություն է հայտնել, որ եթե հունիսի 28-ին Ուկրաինայի արևելքում չվերսկսվեին ռազմական գործողությունները, ապա, ամենայն հավանականությամբ, տեղի չէր ունենա այդ աղետը: Պուտինն ընդգծել է, որ որևէ մեկն այդ աղետը չպետք է օգտագործի քաղաքական նեղ շահադիտական նպատակերով:
Պուտինի խոսքերով՝ այդպիսի իրադարձությունները պետք է միավորեն և ոչ թե բաժանեն մարդկանց: