
Քեմերոնը ցանկանում է, որ պատժամիջոցներ սահմանվեն Ռուսաստանի պաշտպանական ոլորտի դեմ

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ձգտում է հասնել նրան, որ ԵՄ-ի անդամ երկրները խստացնեն Ռուսաստանի հանդեպ արդեն իսկ գործող պատժամիջոցները: Խոսքը գնում է ռուսական էկոնոմիկայի պաշտպանական սեկտորի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին:
Այս մասին գործակալությանը հայտնել են բրիտանացի վարչապետին մոտ կանգնած աղբյուրները: Նրանց խոսքերով՝ Քեմերոնը ցանկանում է, որ պատժամիջոցների տակ ընկնեն նաև այն անձինք ու ընկերությունները, որոնք նյութական աջակցություն են ցուցաբերում Ուկրաինայի արևելքում գործող զինյալներին կամ որոնք աջակցում են Ռուսաստանի կառավարությանը:
Քեմերոնի այդ ձգտումը կապված է հուլիսի 17-ին Դոնեցկի մարզում մալայզիական Boeing օդանավի կործանման հետ, ինչի հետևանքով զոհվեց 298 մարդ: ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարները Բրյուսելում կհավաքվեն հուլիսի 22-ին՝ քննարկելու համար Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: