
Ինչպես ողջ մնալ ավիավթարի դեպքում

facte.ru կայքը ներկայացրել է որոշ խորհուրդներ՝ ավիավթարի դեպքում ողջ մնալու համար:
1. Ողջ մնալու ձեր շանսերը մեծանում են այն դեպքում, երբ դուք ընտրել եք «ճիշտ» հագուստ և կոշիկներ: «Պատկերացրեք, որ ստիպված եք լինելու փախչել այրվող ինքնաթիռից: Որքանո՞վ հարմար կլինի դա անել բարձրակրունկ կոշիկներով»,- ասել է մասնագետներից մեկը: Ցանկալի է կրել երկարաթև հագուստ, որը կարող է պաշտպանել այրվածքներից: NTSB կազմակերպության տվյալների համաձայն՝ ավիավթարից մահացած անձանց 68 տոկոսը մահանում է վթարից հետո հրդեհի պատճառով ստացած վնասվածքներից:
2. 2007թ. անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավիավթարներից փրկվել են ինքնաթիռի հետևի հատվածում նստած անձինք: Իհարկե, ցանկալի է նստել այն նստատեղերին, որոնք մոտ են վթարային մուտքերին:
3. Անվտանգության մասնագետները նշում են, որ առավել վտանգավոր են թռիչքից հետո առաջին 3 րոպեներն ու վայրէջքից առաջ 9 րոպեները:
4. Առավել կարևոր են վթարից հետո 90 վայրկյանները: Եթե դուք կարողանաք հանգստություն պահպանել և դուրս գալ ինքնաթիռից, ապա փրկվելու ձեր շանսերն առավել կմեծանան: Պատճառներից մեկը, որ վերջերս տեղի ունեցած ավիավթարներից մեկի արդյունքում քիչ մարդ մահացավ, այն էր, որ մարդիկ կարողացել են շատ արագ դուրս գալ ինքնաթիռից:
5. NTSB-ի տվյալներով՝ 1.2 մլն թռիչքներից միայն 1-ն է ավարտվում ավիավթարով: Ավիավթարի արդյունքում մահանալու հավանականությունը 1-ն է 11 մլն-ից՝ այն դեպքում, երբ ճանապարհատրանսպորտային վթարի զոհ դառնալու հավանականությունը 1-ն է 5 հազարից: