Բաժիններ՝

Չնայած մահաբեր ախտորոշմանը՝ մոսկովյան դատարանը որոշեց կալանավորել Լևոն Հայրապետյանին. Business FM

Business FM-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի Բասմանի դատարանը երեկ վճռեց երկու ամսով նախնական կալանքի տակ առնել Հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից, գործարար Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են «Բաշնեֆտի» վաճառքի ժամանակ մեքենայություններ գործելու մեջ:

Գործարարի փաստաբանները դատարանին խնդրել են Հայրապետյանին տալ տնյաին կալանք կամ էլ ազատ արձակել 30 միլիոն ռուբլի գրավի դիմաց: Փաստաբանները պնդել են, որ քաղցկեղով հիվանդ ձեռնարկատերը կմահանա հետաքննչական մեկուսարանի պայմաններում:

Սակայն դատարանը հաստատել է, որ փաստաբանները չեն ներկայացրել Հայրապետյանի մոտ մահացու հիվանդության առկայության մասին օբյեկտիվ տվյալներ: Հայրապետյանի երեք փաստաբանները կտրականապես դեմ են եղել դրան և խնդրել են մերժել կալանքի մասին միջնորդությունը:

Նրանք պատմել են, որ Հայրապետյանն արդեն 9 տարի է, ինչ տառապում է մի շարք հիվանդություններից, այդ թվում նաև քաղցկեղից: Վերջինս մտնում է 2011 թվականի հունվարին հաստատված այն հիվանդությունների ցանկում, որոնց առկայությունը բացառում է մեկուսարանում գտնվելու հնարավորությունը:

Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը հայտարարել է, որ Հայրապետյանը միայն Ռուսաստանի տարածքում 4 անգամ ենթարկվել է վիրահատության և 9 անգամ էլ ստացել է ստացիոնար բուժում: Դատարանի միջնորդությամբ հարցաքննվել է նաև Հայրապետյանին բուժող բժիշկը, ով հայտարարել է, որ մեկուսարանում Հայրապետյանին, ամենայն հավանականությամբ, սպասում է մահաբեր ավարտ:

Գործարարն ինքը դատարանում հայտարարել է, որ իրեն առնչվող կասկածները ոչ մի կերպ ապացուցված չեն և խնդրել է ազատ արձակել իրեն: Սակայն դատավոր Նատալյա Մուշնիկովան համաձայնվել է հետաքննության փաստարկների հետ (դատարանը հաշվի է առել, որ Հայրապետյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է օգտագործել իր կապերը և խույս տալ հետաքննությունից, ինչպես նաև ներազդել քրեական գործի մասնակիցների վրա) և որոշել է, որ Հայրապետյանը պետք է կալանքի տակ մնա մինչև սեպտեմբերի 15-ը:

Ռուբեն Մարգարյանը հայտարարել է, որ իրենք անհապաղ տվյալ որոշումը բողոքարկելու են Մոսկվայի քաղաքային դատարանում: Նա հավելել է, որ իրենք մտադիր են բարձրացնել կալանավորված Հայրապետյանի բժշկական զննման հարցը: Մարգարյանի խոսքերով՝ Հայրապետյանը բուժում է ստացել ոչ միայն Ռուսաստանում, այլև՝ ԱՄՆ-ի ու Եվրոպայի կլինիկաներում:

Մարգարյանն ընդգծել է, որ Հայրապետյանը հուլիսի 15-ին Նիցցայից Մոսկվա է ժամանել՝ պլանային բուժման կուրս անցնելու նպատակով, սակայն նրան անմիջապես ձերբակալել են «Դոմոդեդովոյի» օդանավակայանում:

Մարգարյանն ընդգծել է, որ Հայրապետյանի համար լիովին անակնկալ է հանդիսացել այն, որ Բասմանի դատարանը հուլիսի 15-ին կալանք է դրել «Բաշնեֆտում իրեն պատկանող» բաժնետոմսերի վրա: Մարգարյանի խոսքերով՝ Հայրապետյանը որևէ բաժնետոմս չի ունեցել և չունի«Բաշնեֆտում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս