ՀՀ-ում Իրանի դեսպան. Իրանը դեմ է ցանկացած օտար ուժի տեղակայմանը տարածաշրջանում

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին քիչ հավանական է համարում Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսումը: Այսօրվա ասուլիսում Իրանի դեսպանին խնդրեցին մեկնաբանել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ավելացումը: Ի պատասխան` նա ասաց, որ Իրանը դեմ է տարածաշրջանում ցանկացած լարվածության, քանի որ դա կխաթարի տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը, և Իրանը կողմերին կոչ է անում խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով:

«Մենք դեմ ենք ցանկացած բռնության և ծայրահեղականության: Մեր համոզմունքն է, որ ցանկացած հակամարտություն և տարաձայնություն պետք է լուծում ստանա խաղաղ բանակցային ճանապարհով, երկխոսության միջոցով: Եթե կա բանակցություն, ինչո՞ւ ձեռքը մեկնել զենքին»,- նշեց Մոհամմադ Ռեյիսին:

Նա նաև նշեց, որ Իրանը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել խնդրի կարգավորմանը, եթե կողմերը ցանկություն հայտնեն:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է իրանական կողմը վերաբերում Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությանը, դեսպանն ասաց` դա կախված է Հայաստանի, Ադրբեջանի և Մինսկի խմբի համանախագահող երկրների որոշումից:

Միաժամանակ Մոհամմադ Ռեյիսին ավելացրեց. «Իրանի կառավարությունը դեմ է ցանկացած օտար ուժի տեղակայմանը տարածաշրջանում: Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ օտար ուժերի տեղակայումը տարածաշրջանում կվտանգի ամբողջ տարածաշրջանը: Դրա ականատեսը մենք եղել ենք թե´ Իրաքում, թե´ Աֆղանստանում: Իմ կարծիքով` չպետք է թույլ տալ, որ օտար երկրները գան, միջամտեն այս հարցին տեղակայեն իրենց ուժերը»:

Իսկ հարցին, թե ինչ կարծիք ունի Հայաստան-Նախիջևան սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի և Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը, որ Նախիջևանի ինքնավար հանրապետությունում, ադրբեջանական զորքերից բացի, կան նաև թուրքական ստորաբաժանումներ, դեսպանը պատասխանեց, որ վստահ չէ, որ այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, բայց վստահ է, որ Հայաստան-Իրան-Նախիջևան հատվածում որևէ իրադարձություն տեղի չի ունենա:

 

 

Տեսանյութեր

Լրահոս