Բաժիններ՝

ԵՄ-ը պահանջում է միջազգային հետաքննություն՝ կապված մալայզիական օդանավի կործանման հետ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ իրենց ապշեցրել է Ուկրաինայի տարածքում Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777 օդանավի աղետալի կործանումը: 

Էշթոնի խոսքերով՝ ԵՄ-ը պահանջում է, որ տեղի ունեցածի կապակցությամբ իրականացվի միջազգային հետաքննություն: Էշթոնն ընդգծել է, որ անհրաժեշտ է անհապաղ պարզել, թե ինչ է տեղի ունեցել, և որ միջազգային հետաքննությունը պետք է լույս սփռի այդ աղետի վրա:

Էշթոնը տվյալ տարածաշրջանում հակամարտող բոլոր կողմերին տվյալ հարցում համագործակցության կոչ է արել: Բացի այդ, Էշթոնը բոլոր կողմերին կոչ է արել վերջ դնել Արևելյան Ուկրաինայում մարդկանց անիմաստ զոհվելուն, հրաժարվել ամեն տիպի գործողություններից, որոնք կարող են թեժացնել իրավիճակն ու անհապաղ համաձայնվել հրադադարին:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ պետք է անմիջապես հաստատվեն աղետի փաստերը: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կառավարությանը հանձնարարել է ստեղծել հանձնաժողով՝ միջազգային մասնագետների մասնակցությամբ հետաքննելու համար աղետի պատճառները:

Բացի այդ, Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ, որի ժամանակ նրան իրազեկել է օդանավի աղետի մանրամասների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս