Վրաստանի խորհրդարանն այսօր վավերացնելու է Ասոցացման համաձայնագիրը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանն այսօրվա արտահերթ նիստում վավերացնելու է ԵՄ-ի հետ հունիսի 27-ին Բրյուսելում ստորագրված Ասոցացման համաձայնագիրը:
Այդ արարողակարգին ներկա են գտնվելու հատուկ այդ նպատակով Վրաստան ժամանող ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Բուլղարիայի արտգործնախարար Կրիստիան Վիգենինն ու Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը:
Ներկա դրությամբ հայտնի չէ, թե արդյոք դրան ներկա գտնվելո՞ւ է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ով տվել է խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնելու թույլտվությունը: Նրան չեն հրավիրել խորհրդարանի այսօրվա նիստին, սակայն Մարգվելաշվիլին դրան կարող է ներկա գտնվել նաև առանց դրա:
Բրյուսելում Ասոցացման համաձայնագրի ստորագրումից առաջ Մարգվելաշվիլին հայտարարել էր, որ որպես Վրաստանի նախագահ՝ հենց ինքը պետք է իր ստորագրությունը դնի այդ համաձայնագրի վրա, սակայն նրա փոխարեն Բրյուսել մեկնեց Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին: