«Այս ամենն արվեց մի բանի համար՝ որպեսզի համաներում չկիրառվի». փաստաբանը՝ Վոլոդյա Ավետիսյանի գործով վճռի մասին  

«Ցավոք սրտի, իշխանությունները հետամուտ են այն հարցով, որ անեն ամեն ինչ՝ Վոլոդյա Ավետիսյանին հնարավորինս երկար անազատության մեջ պահելու համար՝ անտեսելով ամեն ինչ, անտեսելով օրենքի պահանջները, անտեսելով այն, որ ապացույցներն ակնհայտորեն անբավարար են մեղադրական դատական ակտ կայացնելու, անտեսելով այն հանգամանքը, որ նմանատիպ այլ գործերով, երբ հաստատվում էր մեղադրյալի մեղավորությունը, ապա դատարաններն ակնհայտորեն ավելի մեղմ պատիժ էին տալիս: Այսինքն՝ այս ամենն արվեց մի բանի համար՝ որպեսզի համաներում չկիրառվի, Վոլոդյա Ավետիսյանը շարունակի գտնվել կալանքի տակ, դրա հետ մեկտեղ ապօրինաբար Վ. Ավետիսյանի ընտանիքից բռնագանձեն 2000 ԱՄՆ դոլար»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը՝ Վ. Ավետիսյանի գործով վճռի հրապարակումից հետո:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Վոլոդյա Ավետիսյանը այսօր մեղավոր ճանաչվեց խարդախության և խարդախության մեջ՝ դատապարտվելով 6 տարի ժամկետով ազատազրկման: Դատարանի վճռով՝ նրանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է գանձվի 2000 դոլարին համարժեք դրամ:

Արա Զաքարյանը հայտնեց, որ դատավճիռը բողոքարկելու են վերաքննիչ դատարանում, ինչպես նաև արդյունքի չհասնելու դեպքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: «Մենք մինչև վերջ գնալու ենք, որպեսզի ի վերջո հասնենք նրան, որ այս Հայաստանի Հանրապետությունը դառնա իրոք իրավական պետություն, այլ ոչ թե շարունակի մնալ մի պետություն, որտեղ մի անձ կամ մի խումբ անձինք են որոշում, իսկ մնացած բոլորը ուղղակի այդ անձանց ցանկությունն են կատարում: Ես  նկատի ունեմ դատական համակարգը, որը, ցավոք սրտի, ոչ թե արդարադատություն է իրականացնում, այլ ավելի շատ նոտարական ֆունկցիաներ, կատարում է իշխանության պատվերը»,- ասաց փաստաբանը:

Տեսանյութեր

Լրահոս