Էլիտար սերմերը պատուհաս են դարձել. Գյուղացիները իշխանությունից պահանջում են ապահովել իրենց արտագաղթը (տեսանյութ)
Գյուղատնտեսության նախարարության ներկրած էլիտար սերմերից տուժած գյուղացիներն այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրին: Նրանք պահանջում էին, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը միջամտի ու պաշտպանի իրենց նախարարության չինովնիկներից:
Վարդենիսի շրջանի Նորակերտ համայնքի հողօգտագործող Նորիկ Հովհաննիսյանը նշեց, որ անգամ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը արձանագրել է, որ գյուղացիներին բաժանված էլիտար սերմը 25-30% է ծլարձակել, բայց ծիլերը չեն բարձրացել ու հասկ չեն դարձել: ԳՆ-ն յուրաքանչյուր 1 կգ սերմացուի դիմաց 700 դրամ էր պահանջում, գյուղացիների բողոքներից հետո այդ թիվն իջեցրին 420 դրամ:
«Մեզ խաբել են, մեզ չեն տվել այն սերմը, որի գովքն իրենք անում էին»,- ասաց Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի հողօգտագործող Հակոբ Վարդանյանը՝ նշելով, որ ՊՈԱԿ-ը դիմել էր դատարան, վճիռը կայացվել է ի օգուտ հողօգտագործողների, բայց ՊՈԱԿ-ը բողոքարկել է վճիռը և գործը կրկին առաջին ատյանում է:
Փոքր Վեդի բնակիչ Մեսրոպ Հայրապետանը, ում դեմ նույնպես Սերմերի գործակալությունը հայց էր ներկայացրել և հօգուտ քաղաքացու կայացված վճիռը կրկին բողոքարկել է, նշեց, որ 2011 թ-ից հետո իր կյանքը խաթարվել է, չի կարողանում իր բուն աշխատանքով զբաղվել, մշտական դատարաններում է, 2012 թ-ից էլ կալանք է դրվել իր գումարների և ունեցվածքի վրա: ԳՆ «էլիտար» որակված սերմերը Հայրապետանը բնորոշեց որպես «էլիտար աղբ» և նշեց, որ Ստավրոպոլի սերմակայանի փոխարեն սերմը բերվել է «Լուչ» ՓԲԸ-ից. «Պարզ է՝ 50 դրամով ցորենն առել են, բերել 50 դրամով տվել են մեզ»:
«Ես էս կառավարությունից, էս իշխանությունից, էս նախագահից մենակ խնդրում եմ մեր արտագաղթը ապահովեն՝ էս երկրից թողնենք գնանք, թեկուզ Թուրքիա»,- ասաց Մ.Հայրապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում