Թուրքիայում հայ կնոջ երեխային պահած կինը դատապարտվեց երեք ամիս ազատազրկման և 300 հազար դրամ տուգանքի

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը փաստաթուղթ կեղծելու և պետական սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող Ռուզաննային քիչ առաջ մեղավոր ճանաչեց և դատապարտեց երեք ամիս ժամկետով ազատազրկման և 300 հազար դրամ չափով տուգանքի: Դատարանի վճռով՝ ամբաստանյալ Ռուզաննայի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվեց անփոփոխ մինչև դատարանի վճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը: Նշենք, որ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու է հրապարակումից մեկ ամիս անց. այդ ընթացքում այն կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարանում:

Ռուզաննային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա համաձայնության է եկել իրենց տանը վարձով բնակվող մարմնավաճառությամբ զբաղվող ՀՀ քաղաքացու հետ՝ վերջինիս իրեն անհայտ հաճախորդի հետ ունեցած սեռական հարաբերությունից ծննդաբերած աղջկան պահելու և դաստիարակելու վերաբերյալ։ Ըստ մեղադրանքի՝ որոշել են, որ քանի դեռ երեխայի մայրը չունի մշտական բնակության վայր և եկամտի աղբյուր՝ նրա երեխային Ռուզաննան կտանի Թուրքիա, որտեղ ապրում է ամուսնու րնտանիքի հետ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ 2009թ. կինը մեկ անգամ երեխայի հետ մեկնել է Թուրքիա՝ երեխային Ռուզաննայի մոտ թողնելու նպատակով։ Սակայն տեսնելով, որ մուտքի արտոնագրի մեկամսյա օրինական ժամկետի ընթացքում չեն հասցնում երեխայի համար ձեռք բերել նոր փաստաթղթեր, երեխայի մայրը հետ է վերադարձել Երևան։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2010 թ. երեխայի մայրը դստեր հետ կրկին մեկնել է Թուրքիա` Ռուզաննայի մոտ և վերադարձել միայնակ։ Ռուզաննան ամուսնու հետ կնոջ դստերը ներկայացրել են Թուրքիայի քաղաքներից մեկի ՔԿԱԳ բաժին, որպես իրենց դուստր և խնդրել վերջինիս տրամադրել ծննդյան վկայական։ Այնուհետև ակնհայտ կեղծ տվյալներով ձեռք բերված ծննդյան վկայականի հիման վրա երեխայի համար ստացել են Թուրքիայի քաղաքացու անձնագիրը, որից հետո` 21.06.2011թ., Ռուզաննան երեխայի հետ միասին այդ անձնագրով Հայաստան են մուտք գործել երեխայի անվամբ նախկին անձնագրի հիման վրա ստացված Թուրքիայի քաղաքացու անձնագրով:

Նշենք, որ դատարանն ավելի վաղ որոշում էր կայացրել արագացված դատական քննություն անցկացնելու մասին: Ամբաստնյալն իրեն մեղավոր էր ճանաչել, խնդրել էր մեղմ լինել իր նկատմամբ:

«Չգիտեմ ինչու, ես այդ երեխային շատ եմ սիրում»,- նախորդ դատական նիստերից մեկի ընթացքում հուզվելով ասել էր Ռուզաննան: Նա նշել էր, որ գիտի՝ «սխալմունք է արել», բայց ճարահատված է նման բան արել, որովհետև երեխան պետք է մանկապարտեղ գնար, նրան «ուսումի պետք է տար». «Դա ես ճարահատված եմ արել»: Նա հավելել էր, որ երեխան ճանաչում է իր մորը: Ամբաստնյալի պաշտպանն այսօր դատարանին ներկայացրեց փաստաթղթեր, ըստ որոնց՝ ամբաստանյալի խնամքին է նրա թոշակառու մայրը, եղբայրը:

Տեսանյութեր

Լրահոս