«Թուրքական ավիաուղիները» Տաջիկստանից զինյալներ է տեղափոխում Իրաք. Fars
CNN Türk-ի փոխանցմամբ՝ «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը (THY) զբաղված է Իրաքում գործող «Իսլամական պետություն» խմբավորման համար Կենտրոնական Ասիայից զինյալներ տեղափոխելով: Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորին մոտ կանգնած Fars լրատվական գործակալությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ THY-ը 91 տաջիկ զինյալի տեղափոխել է Իրաք: Տաջիկ զինյալները հուլիսի 2-ին ժամը 21.10-ին THY-ի թիվ 254 չվերթով Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեից բերվել են Ստամբուլ, որտեղից էլ ուղարկվել են Իրաք՝ միանալու համար «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին:
Fars-ն ընդգծել է, որ THY-ը ցայժմ մոտ 1000 տաջիկ զինյալ է պատերազմելու նպատակով տեղափոխել Իրաք:
Հիշեցնենք, որ հունիսի վերջերին էլ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից մեկը մանրակրկիտ պատմել էր, թե Թուրքիան որչափ է օգնել իրենց: