Լևոն Հայրապետյանին կասկածում են հանցավոր խմբավորման հետ համագործակցելու մեջ
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԴԾ-ի աշխատակիցներն այսօր Մոսկվայում ձերբակալել են Հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից Լևոն Հայրապետյանին՝ խորհրդային և ռուս պետական գործիչ Վիկտոր Չեռնոմորդինի ընկերոջը:
Դա իրականացվել է ՌԴ Հետաքննչական կոմիտեի կողմից «կինգիսեպյան» հանցավոր խմբավորման գործունեության հետաքննման շրջանակներում: Այդ խմբավորումը պատվերով իրականացրել է տասնյակ սպանություններ: Խմբավորումը ղեկավարել է «հեղինակություն» Սերգեյ Ֆինագինը:
Հետաքննության տվյալներով՝ այդ խմբավորման, ինչպես նաև դրան մոտ կանգնած և Ալեքսանդր Մատուսովի (Բասմաչ) գլխավորած «շչոլկովյան» խմբավորման անդամները երկար ժամանակ իրականացրել են խոշոր գործարարների շահերից բխող սպանություններ:
Նրանք սկզբում աշխատում էին բանկիր Գեորգի Սաֆիևի (սպանվել է ԱՄՆ-ում) շահերի համար, իսկ հետո Սաֆիևին փոխարինեց սենատոր Իգոր Իզմեստևը, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում՝ սպանություններ ու ահաբեկչություններ կազմակերպելու համար: Ի դեպ, Մատուսովը վերջերս ձերբակալվել է Թայլանդում և արտահանձնվել է Ռուսաստանին:
2014 թվականի ամռանն Իզմեստևը ցանկություն հայտնեց ցուցմունքներ տալ հետաքննությանն անհայտ փաստերի շուրջ: Նրան գաղութից բերեցին Մոսկվա, ուր և նա հայտարարեց, որ մի շարք հանցանքներին մասնակից է նաև Մոնակոյում մշտապես բնակվող Լևոն Հայրապետյանը: Արդյունքում, Հետաքննչական կոմիտեն որոշել էր ձերբակալել Հայրապետյանին, հենց որ նա հայտնվի Մոսկվայում:
Սերգեյ Ֆինագինը կայուն հանցավոր խմբավորում ստեղծել է 1992 թվականի վերջին՝ Մոսկվայում և երկրի այլ քաղաքներում քաղաքացիների վրա հարձակումներ կազմակերպելու համար: Հանացավոր խմբավորման կազմակերպիչների ու ղեկավարների թվում եղել է նաև Իգոր Իզմեստևը:
Նա, և հանցավոր խմբավորման մյուս ղեկավարները, մասնակցել են խմբավորման անդամներին գումարով, զենքով, ավտոմեքենաներով ու կապի միջոցներով ապահովելուն, նրանց հանձնարարել են գործել կոնկրետ հանցանքներ: Դրա համար ավազակներն իրենց տրամադրության տակ ունեցել են հրաձգային և սառը զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր ու սարքեր:
Խմբավորումը դավադիր նպատակներով ակտիվորեն գործածել է կեղծ փաստաթղթեր, վարձակալել է բնակարաններ ու ավտոտնակներ: Զինված խմբավորմանը մասնակցելու համար նրա անդամներն ամեն ամիս գումարներ են ստացել խմբավորման կազմակերպիչներից ու ղեկավարներից:
Բացի այդ, նրանք ստացել են դրամական «պարգևավճարներ»՝ յուրաքանչյուր կոնկրետ հանցանքի համար: Ընդհանուր առմամբ՝ խմբավորման անդամները կատարել են ավելի քան 20 ծանր և հատկապես ծանր հանցանքներ, այդ թվում նաև տասնյակ սպանություններ: ՌԴ Հետաքննչական կոմիտեն արդեն իսկ դիմել է դատարանին, որպեսզի Հայրապետյանը կալանավորվի: