Բաժիններ՝

Նորվեգիան կարող է դառնալ կանխիկ փողից հրաժարված աշխարհի առաջին երկիրը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ կանխիկ փողը Նորվեգիայում կարող է գործածությունից հանվել մինչև 2020 թվականը: Նման առաջարկ ներկայացրել է նորվեգական «Ֆինանս Նորգե» կազմակերպությունը, որը միավորում է երկրի խոշորագույն բանկերն ու ապահովագրական ընկերությունները:

Կազմակերպության գնահատականների համաձայն, նորվեգացիները տարեցտարի գնալով ավելի քիչ են գործածում թղթադրամներ ու մետաղադրամներ՝ նախընտրելով կիրառել պլաստիկ քարտեր: Ներկա դրությամբ կանխիկ փողով վճարումները կազմում են երկրի տարածքում իրականացվող ֆինանսական բոլոր գործողությունների 5 տոկոսից ոչ ավելին:

Տնտային տնտեսությունների ոլորտում այդ ցուցանիշն էլ ավելի փոքր է՝ 4 տոկոս: Կանխիկ փող Նորվեգիայից ավելի քիչ գործածում են միայն Շվեդիայում ու Մեծ Բրիտանիայում: Հատկանշական է, որ այդ երկու երկրները, որոնք ի տարբերություն Նորվեգիայի, մտնում են ԵՄ-ի մեջ, դեռ շարունակում են պահպանել սեփական արժույթները՝ չշտապելով անցում կատարել եվրոյի:

«Ֆինանս Նորգե» կազմակերպության տնօրեն Իդար Կրոյցերը հայտարարել է. «Մենք հանդես ենք գալիս նրա օգտին, որ Նորվեգիան արդեն 2020 թվականին դառնա աշխարհի առաջին երկիրը, որն ամբողջովին կհրաժարվի կանխիկ փողից: Դա գործածությունից դուրս բերելն էականորեն կնվազեցնի կողոպուտների թիվը:

Եվ երկրորդ՝ կանխիկ փողից հրաժարվելն իշխանություններին հնարավորություն կտա արդյունավետորեն պայքարել ֆինանսական հանցանքների դեմ, քանի որ էլեկտրոնային վճարումները վերահսկելը շատ ավելի հեշտ է, քան՝ կանխիկ շարժը:

Եվ վերջապես, երրորդ կողմն էլ այն է, որ հասարակությունն ընդհանուր առմամբ էական գումարներ կտնտեսի դրանով: Կանխիկով գործողություն մշակելը կրկնակի թանկ է՝ համեմատած էլեկտրոնային վճարման մշակման հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս