Ֆիլիպինները՝ հերթական «ասիական հրաշք»
Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Են Կիմը Ֆիլիպինները անվանել է հերթական «ասիական հրաշք»։ Բացի այդ երկիրը կարող է օրինակ ծառայել կոռուպցիայի դեմ պայքարի առումով՝ հաղթահարելով տասնամյա հետամնացությունը հարևան երկրների համեմատ:
Կիմն ասել է, որ նախագահ Բոնինյո Ակինոն վարկային ռեսուրսների մեծ մասը պետք է օգտագործի հիմնարար բարեփոխումների վրա՝ այդ թվում նաև կոռուպցիայի դեմ պայքարի, կառավարման մարմինների թափանցիկության բարձրացման և բազմակողմանի զարգացման ուղղությամբ կենտրոնացման վրա:
«Կարո՞ղ են արդյոք Ֆիլիպինները համարվել հերթական ասիական հրաշք: Այն բանից հետո, երբ եկա ու տեսա, կարծում եմ, որ այդպես էլ կա»,- հայտարարել է Կիմը, ով վերջերս այցելել էր Ֆիլիպիններ երկօրյա այցով:
ՀԲ նախագահը բարձր է գնահատել Ակինոյի պայքարը կաշառակերության դեմ։ Նշենք, որ կաշառակերության համար վերջերս դատապարտվել են նախկին նախագահը և ևս 3 սենատորներ, այս ամենի հետ մեկտեղ մեղադրանք է ներկայացվել Բարձրագույն դատարանի ներկայացուցչին:
«Ամենակարևոր բաներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է, և, անկեղծ ասած, Ակինոյի ղեկավարած կառավարությունը այս խնդիրը կարողանում է լուծել ավելի լավ, քան ցանկացած այլ կառավարություն աշխարհում»,- նշել է Կիմը:
«Ձեր ղեկավարությամբ, նախագահ Ակինո, Ֆիլիպինները առաջատար դիրք են զբաղեցնում այս տարածաշրջանում»,- ասել է Կիմը:
Համաշխարհային բանկի ղեկավարը հայտարարել է, որ Ֆիլիպինները, որտեղ հարյուր միլիոնանոց բնակչության 25%ը ապրում է խորը աղքատության մեջ, ունի մեծ պոտենցյալ: Ուժեղ կողմերի ցուցակում նա նշել է մակրոտնտեսական տպավորիչ ցուցանիշները, մտածված դրամավարկային քաղաքականությունը և երիտասարդ աշխատուժը:
Կիմի խոսքերով՝ Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ տնտեսական աճը Ֆիլիպիններում կկազմի 6,6%, ինչը հաստատում է այն, որ Ֆիլիպինները ամենաարագ զարգացող տնտեսություն ունեցող երկիրն է Ասիայում:
Թարգմանությունը՝ Քնարիկ Ջալաթյանի