Մենք շահագրգռված ենք մեծացնելու կանանց մասնակցությունն ու ներգրավվածությունը. Հովիկ Աբրահամյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերի խորհրդի հերթական նիստը:
Օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ Հայաստանի կողմից կատարման վերաբերյալ 5-րդ և 6-րդ պարբերական զեկույցները: Ներկայացվել են փաստաթղթերը նախապատրաստելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ 2012 թ. ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի իրականացրած աշխատանքները, որոնք համակարգել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Մտքերի փոխանակության ընթացքում խորհրդի անդամներն իրենց նկատառումներն ու դիտարկումներն են հայտնել զեկույցների առնչությամբ: Ամփոփելով կարծիքները՝ վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է աշխատանքային խմբի շրջանակում լրամշակել փաստաթղթերը հնչած բոլոր առաջարկություններով և ներկայացնել խորհրդի վերջնական հաստատմանը:
Մեկ այլ հարցով քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և կանանց ու տղամարդկանց հավասարության քաղաքականության իրականացման ազգային մեխանիզմի մշակման հարցը: Այդ համատեքստում արծարծվել են ՀՀ վարչապետին կից կանանց հարցերի խորհրդի գործունեության ակտիվացմանը, մոտեցումների վերանայմանը, կազմի ընդլայնմանը վերաբերող, ինչպես նաև մի շարք այլ հարցեր: Վարչապետն առաջարկել է աշխատանքային խմբի ձևաչափով քննարկել և մինչև սեպտեմբեր ներկայացնել խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումների առաջարկություններ: «Մենք շահագրգռված ենք մեծացնելու կանանց մասնակցությունն ու ներգրավվածությունը և´ հասարակական-քաղաքական, և´ տնտեսական դաշտում: Այդ ուղղությամբ քայլեր արդեն իրականացրել ենք, և գործընթացը պետք է շարունակական լինի», – եզրափակել է կառավարության ղեկավարը: