Բաշար Ասադն այսօր երդում է տվել Դամասկոսում
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր երդում է տվել Դամասկոսում: Այս մասին հայտնել է սիրիական հեռուստատեսությունը: Ասադի երդմնակալության արարողակարգին ներկա են գտնվել Սիրիայի խորհրդարանի անդամները:
Ասադը երդում է տվել՝ աջ ձեռքը դնելով Ղուրանի վրա, որ իր պարտականությունները կատարելիս հարգելու է երկրի Սահմանադրությունը, նրա օրենքներն ու հանրապետական կարգը, ժողովրդի ազատություններն ու շահերը:
Ասադը երդվել է պաշտպանել հայրենիքի անկախությունն ու ինքնիշխանությունը, սիրիական հողի ամբողջականությունը: Ասադը ձգտելու է հասնել ազգի միասնությանն ու սոցիալական արդարության հաստատմանը:
Բաշար Ասադը հաղթել է հունիսի 3-ին երկրում անցկացված նախագահական ընտրություններում՝ հավաքելով քվեների 88.7 տոկոսը (ավելի քան 10.3 միլիոն մարդ): Ասադը 3-րդ անգամ 7-ամյա ժամկետով կկառավարի երկիրը: