Բաժիններ՝

«Մենք պատրաստվում ենք ողողել վարչական դատարանը ակտերով» (տեսանյութ)

«Արդեն շուրջ երկու ամիս է, ինչ մեր պայքարը ծավալվել է, ու կարող եմ ասել, որ այս պայքարները անհետևանք չեն եղել՝ ավելացել են մասնակիցների, աջակիցների թիվը, մենք են ավելի հմտացել, սկսել ենք արդեն օրենքներ կարդալ»,-ասաց «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա նշեց, որ իրենք բոլորը տարբեր մասնագիտությունների տեր են, բայց այս երկիրը ստիպում է, որ բոլորը դառնան տարբեր ոլորտների մասնագետներ. «Որովհետև զգում ենք՝ եթե մենք չենք պաշտպանում մեր իրավունքները, ապա հայտնվում ենք շատ ավելի վատ վիճակում, քան նորմալ, պաշտպանված, օրինական երկրում»:

Նա տեղեկացրեց, որ վաղը՝ հուլիսի 17-ին, կմեկնարկի իրենց 6-որդ իրազեկման, խաղաղ ավտոերթը. «5-րդ ավտոերթը ցույց տվեց, որ եթե ոստիկանությունը ուզում է, մենք միշտ շփման եզրեր ունենք և կարողանում ենք փոխադարձ համաձայնության արդյունքում անցկացնել խաղաղ երթ և ոչ մեկին ոչ մի նեղություն չենք տալիս: Մենք անցնում ենք պայքարի հաջորդ փուլ, մենք կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, որոնք տուգանքների կտրոններ են ստանում, բերեն մեր գրասենյակ, և մենք դրանք կբողոքարկենք»:
Նախաձեռնության անդամն ասաց, որ վաղվա ավտոերթի կարգախոսն է լինելու՝ «Չենք մուծում ակտերը և բողոքարկում ենք բոլոր ակտերը». «Առ այսօր, այն գործերը, որոնք մեր իրավաբանների կողմից մտել են դատարան մեծ մասով հաղթել են դատարաններում: Փորձը ցույց է տալիս, որ այս ոլորտում այնքան օրենսդրական բացեր կան, և հերիք է քաղաքացին որոշի իր իրավունքները պաշտպանել, պարզվում է, որ նա պաշտպանված է ավելի շատ, քան ինքը գիտեր: Բայց քանի որ մեր վարորդների մեծ մասը ասում են՝ «ավելի հեշտ է այդ 5000 դրամը մուծեմ, քան ընկնեմ դատարանի դռները», մենք ուզում ենք ասել՝ ընկեր վարորդներ, մի մուծեք այդ տուգանքները ոչ միայն նրա համար, որ այդ 5000 դրամը կարող է ձեզ պետք գալ, այլ մտածեք, որ դատարան դիմելը նույնպես պայքարի ձև է և շատ կարևոր ձև է: Մենք պատրաստվում ենք ողողել վարչական դատարանը ակտերով: Մենք արդեն ունենք իրավաբանների խումբ, և բոլոր նրանք ովքեր ստացել են ակտեր, կարող են գալ մեր գրասենյակ (մենք հեռախոսահամար էլ կթողնենք) և բողոքարկեն»:

Նա նշեց, որ իրենք ֆինանսական միջոցներ չունեն ու կատարում են հանգանակություններ. «Մենք ավտոերթերի ժամանակ միշտ ունենք արկղ, որտեղ վարորդներն ինքնակամ՝ պայքարը շարունակելու և պայքարի համար որոշակի ծախսեր կատարելու համար կատարում են հանգանակություններ: Այդ հանգանակություններն իհարկե մեծ չեն, չնչին գումարներ են, բայց դրանք այնուամենայնիվ կան, և իրավաբանները որոշակի աշխատանքների համար կվճարվեն այդտեղից: Իրավաբաններն ուսանողներ են և ամառային ամիսներին իրենք հասարակական հիմունքներով պատրաստակամություն են հայտնել օգնել շարժմանը»:
Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Արմեն Եփրեմյանն էլ, խոսելով սահմանադրական դատարան դիմելու գործընթացի մասին, ասաց. «Ինչպես գիտեք մենք աշխատում ենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ, դիմում ենք տվել՝ իրենք վերանայում են կարմիր գծերի մասով՝ արդյո՞ք իրավաչափ է սահմանադրության հետ, ու, հետևաբար, հետո կներկայացնենք սահմանադրական դատարան: Իսկ ՄԻՊ-ը արդեն դիմել է սահմադրական դատարանին՝ բանկային հաշիվների կալանքի հետ կապված, որը դեռ ընթացքի մեջ է, լսումների օրը դեռ նշանակված չէ»:


Անի Քեշիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս