Մենք դեմ ենք միակողմանի գործողություններին. Լավրով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի արած կոչը:
Օբաման, մասնավորապես, ԵՄ-ի երկրներին կոչ էր արել կոշտ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը պատրաստ է գործել միայնակ, եթե ԵՄ-ի առաջնորդները հրաժարվեն նոր պատժամիջոցներ սահմանելուց: ԶԼՄ-ների տվյալներով՝ նոր պատժամիջոցներն առնչվելու են տնտեսական ու պաշտպանական ոլորտներին:
Լավրովն ափսոսանք է հայտնել Բարաք Օբամայի արած տվյալ կոչի կապակցությամբ. «Ցավալի է, որ մեծ տերության նախագահը համաշխարհային հարցերին մոտենում է այդպիսի դիրքորոշմամբ:
Ի հակադրումն դրա՝ BRICS-ի բոլոր առաջնորդներն ընդգծել են, որ դատապարտում են համաշխարհային քաղաքականությունում միակողմանի գործողությունները, որ փնտրում են ոչ թե հակամարտություն, այլ՝ ընդհակառակը՝ հանդես են գալիս բոլոր մեծ երկրների մասնակցությամբ հավաքական աշխատանքի օգտին, որպեսզի փորձեն գտնել տարբեր խնդիրների փոխընդունելի որոշումներ»:
Դրա հետ կապված՝ Լավրովն ուշադրություն է հրավիրել BRICS-ի առաջնորդների հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահի խոսքերի վրա, որոնք առնչվում են Սիրիական խնդրի լուծման դրական փորձի վրա: Լավրովը ևս մեկ անգամ ընդգծել է, որ իրենք դեմ են միակողմանի գործողություններին: