
Հյուսիսային Իրաքի քրդերը տենդագին պատրաստվում են անկախության հանրաքվե անցկացնելուն

Bas News-ի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է երկու կարևոր օրինագիծ: Դրանցից մեկն առնչվոմ է ինքնավարությանն այսպես կոչված վիճելի տարածքների միացման շուրջ հանրաքվե անցկացնելուն, իսկ մյուսը՝ անկախության մասին հանրաքվե անցկացնելուն: 15 օրվա ընթացքում այդ նախագծերը ներկայացվելու են ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի ստորագրմանը:
Վերջինս ոչ վաղ անցյալում ինքնավարության կենտրոն Էրբիլում հանդիպել էր օտար երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ և խնդրել էր իրենց կառավարություններին հասցնել քրդական ղեկավարության խնդրանքը՝ կապված քրդական ինքնավարության կողմից անկախություն հռչակելու նկատմամբ իրենց վերաբերմունքն արտահայտելու հետ:
Քրդական ինքնավարության ղեկավարությունը ձևավորում է պատվիրակություններ որոնք պետք է այցելեն աշխարհի բազմաթիվ երկրներ՝ իրազեկելու և լոբբինգի ենթարկելու համար քրդական ինքնավարության անկախության գաղափարը: Եվրոպայում բնակվող քրդերը պատրաստվում են հանրահավաքներ անցկացնել՝ ի պաշտպանություն Հյուսիսային Իրաքի քրդերի անկախության:
Միևնույն ժամանակ իրանական պատվիրակությունն այսօր այցելել է Էրբիլ, ուր հանդիպելու է քուրդ պաշտոնատար անձանց հետ: Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են Իրաքի վերջին զարգացուներն ու վարչապետ Նուրի ալ-Մալիքիին այլընտրանք գտնելու հնարավորության հարցը: